458 դիտում, 2020.05.25 20:28

Կորոնավիրուսի հետ զուգահեռ ապրելու համար պետք է անհատական բարձր պատասխանատվություն. Նիկոլ Փաշինյան

Կորոնավիրուսի հետ զուգահեռ ապրելու համար պետք է անհատական բարձր պատասխանատվություն. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում մայիսի 25-ին աշխատանքներն է շարունակել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանձնաժողովի հերթական նիստը մեկնարկել է երկրում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի վիճակագրության, նրանց առողջական վիճակի, ընդհանուր համաճարակաբանական իրավիճակի վերաբերյալ տվյալների ամփոփմամբ: Ներկայացվել է տեղեկատվություն համավարակի տարածումը կանխարգելող միջոցառումների ընթացքի մասին՝ անդրադարձ է եղել պարետատան սահմանած կանոնների պահպանման և պաշտպանիչ միջոցների կիրառման ուղղությամբ իրականացվող վերահսկողությանը, վարչական իրավախախտումների դեպքերին, անախտանիշ դեպքերի ինքնամեկուսացման ռեժիմի նկատմամբ հսկողությանը:  

Հաջորդիվ քննարկում է ծավալվել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու հետագա ռազմավարության և քայլերի շուրջ: Արծարծվել են առողջապահական համակարգի կարողությունների զարգացմանը և հանրային իրազեկվածության բարձրացմանը վերաբերող հարցեր, ներկայացվել են մի շարք առաջարկներ:

Ամփոփելով քննարկումը՝ վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է, որ կորոնավիրուսի հետ զուգահեռ ապրելու համար առաջնահերթ պետք է դրսևորել անհատական բարձր պատասխանատվություն և հետևել սահմանված կանոններին: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ներկայացնել առաջարկներ՝ նիստի շրջանակում արծարծված խնդիրների լուծման առնչությամբ:

կիսվել նյութով -