10.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.78 -0.50 | |
GBP | 490.75 -1.13 | |
EUR | 415.48 -0.02 | |
GEL | 150.15 +0.23 | |
RUB | 6.71 -0.01 |
Կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և վերահսկման գործընթացում, ի թիվս կիրառվող սահմանափակումների, մեծ դեր և նշանակություն ունի նաև յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:
«Հարցն ավելի արդիական է դառնում, երբ խոսքը գնում է հանրային միջոցառումների կազմակերպման, անցկացման և մասնակցության մասին՝ հարսանիք, թաղում, ծննդյան տոն և այլն։ Նմանատիպ զանգվածային միջոցառումներին մասնակցությունը, կուտակումները պատճառ են դառնում օրեր անց ավելի մեծ թվով դեպքերի արձանագրման։
Այս համատեքստում հարկ է ևս մեկ անգամ նշել, որ Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելուց հետո Պարետի որոշմամբ արգելվում է 5 և ավելի անձանց մասնակցությամբ հանրային միջոցառումների անցկացումը՝ այդ թվում, երբ խոսքը վերաբերում է հոգեհանգստի և թաղման արարողություններին։ Քաջ գիտակցելով մշակութային և ազգային առանձնահատկությունները, հարազատի, բարեկամի վիշտը կիսելու ներքին ցանկությունը՝ այդուհանդերձ հարկ է խուսափել մասնակցությունից՝ քանզի դրանով մասնակցելով մեծացնում ենք բացառապես հանրային առողջապահական ռիսկը՝ այդ թվում հենց բարեկամների և հարազատների համար։ Այդպիսի դեպքեր արդեն արձանագրվել են մի շարք համայնքներում՝ ինչպես Դդմաշենում, Ոստանում Մրգավետում, Նորաշենում և այլն։ Ցավոք, միշտ չէ, որ ելքը կորոնավիրուսային հիվանդության դրական արդյունքով է ավարտվել, դրա հետևանքով արձանագրվել են նաև մահվան դեպքեր:
Հանրապետությունում Կորոնավիրուսային հիվանդության տարածման շղթան կոտրելու, ինչպես նաև հիվանդության դեմ առավել արդյունավետ պայքարելու նպատակով առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին խստագույնս հետևել Պարետի բոլոր ցուցումներին՝ հանրային միջոցառումների ժամանակ սահմանափակելով մասնակիցների քանակը և պահպանելով անվտանգության բոլոր կանոնները»,-նշված է հայտարարությունում։