310 դիտում, 2020.05.25 14:43

Դերասանուհի Կարինե Բուռնազյանի մոտ կորոնավիրուս էր հաստատվել

Դերասանուհի Կարինե Բուռնազյանի մոտ կորոնավիրուս էր հաստատվել

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Կարինե Բուռնազյանի մոտ, ով մահացել է մայիսի 24-ին, կորոնավիրուս է հաստատվել:

Այս մասին թատրոնի տնօրեն Կարո Շահբազյաին հայտնել է Բուռնազյանի հարազատներից մեկը:

«Բուռնազյանի մահվանից հետո կասկածներ կային, որ դերասանուհին նաև կորոնավիրուսով է վարակված եղել: Դա հաստատվել է: Նա ուներ այլ հիվանդություններ՝ սրտային անբավարարություն, շաքարային դիաբետ և այլն. մշտապես բուժվում էր: Բուռնազյանը մի քանի ամիս է տանից դուրս չէր գալիս: Մինչև կորոնավիրուսի տարածումը նրա ինքնազգացողությունն արդեն իսկ շատ վատ էր: Հաճախ էր դիմում շտապ օգնությանը»,-նշել է Շահբազյանը:

Նրա խոսքով՝  դիահերձում չանելու պարագայում հնարավոր չէ հստակ ասել, թե ինչն է եղել դերասանուհու մահվան պատճառը:

Կարինե Բուռնազյանը ծնվել է 1959 թվականի հունվարի 14-ին Երևանում: 1977 թվականից սովորել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին կից թատերական ստուդիայում՝ ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի արվեստանոցում: 1988 թվականից աշխատում էր  Երևանի Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում:

1997-2005 թվականներին «Բոհեմ» թատերախմբով շրջագայել է Եվրոպայում:

Խաղացել է «Խանումի արարքները», «Ազգային գործիչ», «Կարինե», «Պարոն Բաբիկը և ուրիշներ» և մի շարք այլ ներկայացումներում:

կիսվել նյութով -