կարևոր
2085 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-24 18:14

Պահանջում ենք Հունան Պողոսյանին. Կապանում դեռ լարված վիճակ է

Պահանջում ենք Հունան Պողոսյանին. Կապանում դեռ լարված վիճակ է

Կապանի ոստիկանության առջև հավաքվածները պահանջում են, որ իրենց մոտ գա Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը և պարզաբանում տա իրենց հասած տեղեկությունների վերաբերյալ։ Տեղեկությունը հաղորդում է NEWS.am-ը։ 

«Մենք տեղեկություններ ունենք, որ սա քաղաքական հետապնդում է։ Թող մարզպետը գա ու բացատրի՝ ինչու են տղաներին ձերբակալել, բռնության ենթարկել և ինչու են ցանկանում տեղափոխել Երևան, եթե Սյունքիում կա ձերբակալվածների վայր, քննությունը նույնպես կարող է իրականացվել մարզային քննչական կոմիտեում»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։ 

Ներկաների մեծ մասն էլ նշել են, որ կարծում են այս ամենի մեջ խառն է Սյունիքի ՔՊ-ական փոխմարզպետ Նարեկ Բաբայանի մատը։

Քաջարանցիները, որոնք արդեն մի քանի ժամ չեն հեռանում ոստիկանության շենքի մոտից, վստահ են, որ բերման ենթարկված քաջարանցիներին ոստիկանությունում բռնության են ենթարկել՝ փորձելով ցուցմունք կորզել Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի դեմ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կապանում մայիսի 24–ին լարված իրավիճակ է ստեղծվել։ Ոստիկանության շենքի դիմաց հավաքվել են բազմաթիվ քաջարանցիներ, որոնք պահանջում են Երևան չտեղափոխել և ազատ արձակել ոստիկանություն բերման ենթարկված, ապա ձերբակալված իրենց համաքաղաքացիներին։ Ըստ շենքի առջև հավաքված հարազատների տեղեկությունների՝ ձերբակալվածներին ոստիկանությունում ծեծի են ենթարկել։ Ոստիկանությունը հերքում է բռնություն գործադրելու մասին տեղեկությունները։ Նշենք, որ ձերբակալվածները երեքն են, մի հոգու էլ՝ Նվեր Խաչատրյանին, սխալմամբ են բերման ենթարկել, ապա ազատ արձակել։ Նրա մարմնի վրա բռնության հետքեր կան։ Հավաքվածները պահանջում են, որ կալանավորվածներին չտեղափոխեն մայրաքաղաք և քննությունն իրականացվի Սյունիքում, քանի որ մտավախություն ունեն, որ այնտեղ ավելի դաժան ծեծի կենթարկեն։ Նրանք սպառնում են, որ հակառակ դեպքում ճանապարհ կփակեն։ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը հայտարարել է, որ իր նկատմամբ քաղաքական ճնշումներ են, օրեր առաջ ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել իմ և մերձավորներիս բնակարաններում, դրան հաջորդել են քաջարանցիների անհիմն ձերբակալությունները՝ բռնության կիրառմամբ: