Լուսադեմին դիմակավորված և զինված ոստիկանները ձերբակալել են Քաջարանի համայնքապետի մերձավոր շրջապատից 4 անձի, որոնք այժմ գտնվում են ոստիկանության Կապանի բաժանմունքում։ Լուրը հաղորդում է 168․am կայքը, մանրամասնելով, որ այդ չորս անձի ձերբակալման հիմնական նպատակը հետագայում Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի դեմ ցուցմունքներ կորզելն է։
«Այս ամենի՝ Սյունիքի մարզում տեղի ունենալը, ըստ ամենայնի, պայմանավորված է երկու ասպեկտով, նախ՝ իշխանությունը չի մարսում այն փաստը, որ ստրատեգիական նշանակության մարզի և ոչ մի համայնքապետ իր հետ չի քայլել, և երկրորդ՝ մարզը ղեկավարում է Հունան Պողոսյանը, ով, ամենայն հավանականությամբ, կարոտում է նախկին աշխատանքը և փոխոստիկանապետի պաշտոնի իր լիազորությունները։ Վարչարարություն իրականացնելու փոխարեն մարզպետը լծված է ոստիկանական ուժերի կառավարման գործին և բեմադրում է չստացված սցենարներով տարատեսակ մասկի շոուներ»,- գրում է կայքը։
Լրատվականը հոդվածում նշում է նաև, որ իշխանությունները մտադիր են սկսել Սյունիքի համայնքապետերին կալանավորելու գործընթաց։
Մեկ այլ հոդվածում էլ հաղորդվում է, որ Քաջարանի բնակիչ Նվեր Խաչատրյանը, որը սխալմամբ է բերման ենթարկվել Ոստիկանություն, նաեւ ենթարկվել է բռնության: