704 դիտում, 2020.05.23 19:34

Արսեն Թորոսյանն իր հայտարարություններով ՀՀ անվտանգության համար սպառնալիքներ է ստեղծում. Արշավիր Ղարամյան

Արսեն Թորոսյանն իր հայտարարություններով ՀՀ անվտանգության համար սպառնալիքներ է ստեղծում. Արշավիր Ղարամյան

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադարձել է Վրաստանում կորոնավիրուսի վարակի տարածման վիճակագրության մասին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարություններին և վրացական կողմից հնչեցված պատասխաններին: Գրառման մեջ ասվում է:

«Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր հայտարարություններով Հայաստանի անվտանգության համար սպառնալիքներ է ստեղծում:

Հատկապես հարևան Վրաստանի առողջապահական համակարգի վերաբերյալ նրա հնչեցրած հայտարարությունները, որը այդ երկրի պաշտոնյաներին ստիպել են կոշտ հակադարձել, կարող է հայ-վրացական հարաբերությունների վատթարացման պատճառ դառնալ:

2 փակ սահմանի պայմաններում, Վրաստանին ուղղված այս հայտարարությունները բազմաթիվ հարցեր են առաջացնում: Կարծում եմ՝ ՀՀ ԱԳՆ-ից Թորոսյանի հետ անհրաժեշտ զրույց ունեցած կլինեն, սակայն Վրաստանի հետ ունեցած հարաբերությունների բազմաթիվ առանձնահատկություններ հաշվի առնելով, կարծում եմ, որ թեման զուտ զրույցով կամ դիտողությամբ չպետք է սահմանափակել:

Կարծում եմ, որ այս պայմաններում ՀՀ ԱԱԾ-ն ևս անելիք ունի: ՀՀ պաշտոնյան հնչեցրել է հայտարարություններ, որոնք կարող են նոր խնդիրներ առաջացնել առանց այդ էլ լարված տարածաշրջանում, լրջորեն վնասել մեր համար առանցքային նշանակություն ունեցող երկրի հետ հարաբերությունները՝ իր հետ բերելով նոր սպառնալիքներ (այս մասով դեռևս փակագծերը չեմ բացի)»:

Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանը կասկածի տակ էր դրել Վրաստանում կորոնավիրուսի վերաբերյալ հրապարակված տվյալները, ինչից հետո վրացի տարբեր պաշտոնյաներ արձագանքել են նրա հայտարարությանը: Մասնավորապես, Վրաստանի հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն հայտարարել էր, որ պարզապես զարմացած է Արսեն Թորոսյանի հայտարարությունից և այն «ոչ դիվանագիտական» էր որակել: Թբիլիսիի Վարակաբանական հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայանն էլ հայտարարել էր, որ իմաստ չկա թաքցնելու վարակակիրների թիվը: «Վրաստանում դեպքերը 728-ն են և վերջ»,- ասել էր նա:

կիսվել նյութով -