298 դիտում, 2020.05.23 18:20

Շիրակի մարզում ուժեղ քամուց տուժել է 18 համայնք

Շիրակի մարզում ուժեղ քամուց տուժել է 18 համայնք

Շիրակի մարզում մայիսի 22-ին գրանցված ուժեղ քամու պատճառած վնասի չափերն ուսումնասիրելու համար մարզպետի հրահանգով ձևավորվել են աշխատանքային խմբեր: Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից: Մինչ կավարտվեն ուսումնասիրությունները, մայիսի 23-ին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել են պատասխանատու կառույցների և ստորաբաժանումների ղեկավարներ։ Մարզպետին զեկուցվել է, որ դեռ նախորդ օրը մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչությունն աշխատանքներ է տարել մարզի բոլոր համայնքների վնասի չափերը ճշտելու համար։ Ըստ նախնական տվյալների վնաս է կրել 18 համայնք, այդ թվում Անի և Մարմաշեն խոշորացված համայնքների մի շարք բնակավայրեր։ Վնասվել են բնակելի տների և օժանդակ կառույցների տանիքներ, շրջվել են էլեկտրասյուներ, ծառեր են արմատախիլ եղել։

Ձևավորված  են աշխատանքային խմբեր, որոնք մեկնել են համայնքներ և կաշխատեն ԱԻՆ փրկարար ծառության Շիրակի մարզի փրկարարական վարչության աշխատակիցների և վնասների գնահատման համայնքային հանձնաժողովների հետ։ Վնասի չափերը հստակեցնելուց և ամբողջական պատկերն ունենալուց հետո տեղեկատվությունը կուղարկվի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարություն;

Մայիսի 22-ին Շիրակի մարզում մոտ կես ժամ տևած ուժեղ քամին վնասներ էր հասցրել մարզի տարբեր բնակավայրերի: ՀՀ ԱԻ նախարարության Շիրակի մարզային փրկարարական վարչությունում ավելի քան 20 կանչ է գրանցվել։  

կիսվել նյութով -