ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը նարնջի, մանդարինի, կիվիի, կիտրոնի և կոճապղպեղի շրջանառության ոլորտներում իրականացրած ուսումնասիրության արդյունքում վարչական վարույթ է հարուցել մի շարք ներմուծողների, առևտրային ցանցերի և միջնորդ տնտեսվարող սուբյեկտների գործունեության հետ կապված գերիշխող դիրքի հնարավոր չարաշահումների և/կամ հնարավոր հակամրցակցային համաձայնությունների վերաբերյալ: Հարկ է նշել, որ վարույթի ընթացքում վերոնշյալ տնտեսվարողների ցանկը կարող է ընդլայնվել: Այս մասին հայտնեցին ՀՀ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովից։
«Ուսումնասիրությունն իրականացվել է՝ հաշվի առնելով 2020 թվականի փետրվարի 1-ից մինչև ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում կատարված մշտադիտարկումների արդյունքում արձանագրված գնային փոփոխությունները, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» թիվ 298-Ն որոշումը:
Ուսումնասիրության շրջանակում հանձնաժողովը տեղեկատվություն էր պահանջել ներմուծողներից, առևտրային ցանցերից, միջնորդ տնտեսվարող սուբյեկտներից:
Ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ ապրանքների մանրածախ և մեծածախ իրացման ոլորտներում մի շարք տնտեսվարող սուբյեկտների կողմից վարվող գնային քաղաքականությունը, ինչպես նաև ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա ազդեցությունը կարող է պարունակել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտումների հատկանիշներ:
Մասնավորապես՝ բացահայտվել են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտման հետևյալ դրսևորումները․
Վերոնշյալ գնային քաղաքականությունների արդյունքում հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում նկատվել են առևտրային ցանցերի կողմից ապրանքների իրացման գների զգալի բարձրացումներ: Մասնավորապես՝ նարնջի գինը միջինում 534 դրամից դարձել է միջինում 828 դրամ, մանդարինի գինը՝ միջինում 659 դրամից միջինում 986 դրամ, կիվիի գինը՝ միջինում 667 դրամից միջինում 1 652 դրամ, կիտրոնի գինը՝ միջինում 826 դրամից միջինում 1 619 դրամ և կոճապղպեղի գինը՝ միջինում 2 709 դրամից միջինում 14 476 դրամ»,- ասված է հաղորդագրության մեջ: