Տրանսպորտային միջոցները պետք է ախտահանվեն օրվա ընթացքում նվազագույնը 2 անգամ՝ հավաքակայաններում, ավտոկայարաններում, լինեն սկզբնակետերում կամ վերջնակետերում: ՀՀ կառավարությունում հրավիրված ասուլիսում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը նշեց, որ ախտահանման գործընթացը հիմնականում իրականացվում է երթուղին սպասարկող կազմակերպության հաշվին: Նա տեղեկացրեց, որ կազմակերպություններին ախտահանման նյութերով օգնում է «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն:
«Մի շարք դեպքերում տեղական ինքնակառավրաման մարմիններն են օգնում կազմակերպություններին իրականացնելու ամենօրյա ախտահանման գործընթաց: Մասնավորապես, Երևանում քաղաքապետարանն է հսկողություն սահմանում ախտահանման գործընթացի նկատմամբ: Ինչ վերաբերում է ֆիզիկական անձանց, ովքեր իրականացնում են տաքսամատորային փոխադրումներ, ապա ախտահանման պարտավորությունը տվյալ վարորդների վրա է»,-ասաց նա:
Արտյուշ Գրիգորյանը տեղեկացրեց, որ տաքսիների նկատմամբ խիստ վերահսկողություն են իրականցնում: Այս փուլում տեսաչական մարմինը պատասխանատվության ենթարկելու լիազորություն չունի, սակայն այն դեպքերում, երբ հսկողությունն իրականացնում են ճանապարհային ոստիկանության հետ, ապա ոստիկանությունը կարող է պատասխանատվության ենթարկել:
«Եթե ինքնուրույն ենք հայտաբերում դեպքերը, ապա մեր կողմից լինում են պարտադիր ցուցումներ: Ասեմ, որ կրկնվելու դեպքում կարող ենք տվյալ տաքսի ծառայության գործունեությունը կասեցնելու առաջարկ ներկայացնել պարետատուն: Նշեմ, որ Երևանի տարածքային բաժանմունքի կողմից հինգ օրվա ընթացքում հայտնաբերվել է 180 դեպք, երբ պարետի որոշումները խախտվել են: Մի մասի դեպքում ուղևորներն առանց դիմակների էին, մի մասի դեպքում էլ ուղորները նստել էին վարորդի կողքին: Նման դեպքում տրվում է պարտադիր կատարման ցուցում: Առանց դիմակի լինելու դեպքում դադարեցվում է երթևեկությունը, ուղևորն էլ կարող է իջեցվել մեքենայից»,-ասաց նա: