190 դիտում, 2020.05.23 15:46

Ոստիկանությունը բացահայտել է ապօրինի թմրաշրջանառության դեպք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օրերս բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության հերթական, այսպես կոչված՝ շղթան։

Քրեական հետախույզների օպերատիվ տեսադաշտում հայտնվել էին մի շարք անձինք, որոնք, ըստ հավաստի տեղեկությունների, օգտագործում և իրացնում էին մեթամֆետամին և այլ թմրամիջոցներ։ Ժամերի տարբերությամբ նախ հայտնաբերվել ու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկվել մայրաքաղաքի բնակիչներ` 30 և 36 տարեկան երկու տղամարդ ու 24 և 26 տարեկան երկու աղջիկ։

36-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամինի նմանվող զանգված։ Մեքենայի զննությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով կաթուցիչ։ 30-ամյա տղամարդու մեքենայի զննությամբ նույնպես մեթամֆետամին է հայտնաբերվել։

26-ամյա աղջկա խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամինի զանգվածով 13 փաթեթ` ընդհանուր 5 գրամից ավելի քաշով։ Խուզարկվել է նաև մեքենան, որով աղջիկը բերման էր ենթարկվել։ Հայտնաբերվել է մեթամֆետամինի նմանվող զանգված։ 24-ամյա աղջկա խուզարկությամբ ևս մեթամֆետամին է հայտնաբերվել:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվել են։ Ոստիկանության ծառայողները փաստական տվյալներ են ձեռք բերել, որ բերման ենթարկվածներին թմրամիջոցը իրացրել է Երևանի բնակիչ, 37-ամյա մի տղամարդ։ Նա ևս հայտնաբերվել ու բերման է ենթարկվել։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամինի զանգվածով փաթեթ։ Նույնպիսի զանգվածով 11 փաթեթ էլ հայտնաբերվել է նրա բնակարանի խուզարկությամբ։ 37-ամյա տղամարդը կալանավորվել է։

Սա ամենը չէր. քրեական հետախույզները պարզել են նաև, թե ումից է վերցրել մեթամֆետամինը։ Խոսքը դարձյալ մայրաքաղաքաբնակ, 34-ամյա մի տղամարդու մասին է, որը օպերատիվ կերպով հայտնաբերվել ու բերման է ենթարկվել։ Կասկածվողի մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամինի, հաշիշի, մարիխուանայի նմանվող զանգվածներ ու էքստզիի հաբեր։ 34-ամյա տղամարդը կալանավորվել է։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ոստիկանները պարզել են, որ նա էլ իր հերթին թմրամիջոցը ձեռք է բերել մայրաքաղաքում ապրող 31-ամյա մի տղամարդուց։ Վերջինս հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանություն։ Տարբեր վայրերում կատարված խուզարկություններով հայտնաբերվել են նրան պատկանող մեթամֆետամինի զանգվածներ։ 31-ամյա տղամարդը ևս կալանավորվել է։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների ապօրինի թմրաշրջանառության հակազդմանն ուղղված օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։

կիսվել նյութով -