370 դիտում, 2020.05.23 13:06

Ստեփանավանցի 63-ամյա տղամարդը հայհոյել է ոստիկաններին, պոկել նրանցից մեկի ուսադիրը․ նա ձերբակալվել է

Ստեփանավանցի 63-ամյա տղամարդը հայհոյել է ոստիկաններին, պոկել նրանցից մեկի ուսադիրը․ նա ձերբակալվել է

Ստեփանավան քաղաքի 63-ամյա բնակիչը հայհոյել է ոստիկանության աշխատակիցներին, պոկել նրանցից մեկի ուսադիրը, երբ բերման է ենթարկվել շուրջ 60սմ երկարությամբ եղևնիները հատելու կասկածանքով։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Ստեփանավան քաղաքի 63-ամյա բնակչի կողմից ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի վարչական շենքի բակում գտնվող արծաթափայլ և եվրոպական տեսակի, շուրջ 60սմ երկարությամբ եղևնիները հատելու կապակցությամբ իր վագոն-տնակից բերման ենթարկվելու ժամանակ՝ 2020թ. մայիսի 22-ին՝ ժամը 08:50-ի սահմաններում, վերջինս, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, վիճաբանել է իրենց ծառայողական պարտականություններն իրականացնող ոստիկանության աշխատակիցների հետ: Չենթարկվելով ծառայությանը չխոչընդոտելու և հանդարտվելու նրանց օրինական պահանջին՝ Ստեփանավան քաղաքի բնակիչը հայհոյանքներ է հնչեցրել, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ ձեռքերով հարվածներ է հասցրել նրանց, քաշել ու պոկել նրանցից մեկի ձախ ուսադիրը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով:

Իրենց ծառայողական պարտականություններն իրականացնող ոստիկանները ճանաչվել են տուժող: 63-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական գործողություններ, նշանակվել է դատաբժշկական, դատահետքաբանական, համալիր դատաապրանքագիտական և դատահետքաբանական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք,:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում։