Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքները մակագրվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին: Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան հայտնել են Վերաքննիչ դատարանից:
Արմեն Դանիելյանն այն դատավորն է, որը բեկանել էր դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումները՝ Ռոբերտ Քոչարյանին 2019 թվականի մայիսի 18-ին ազատ արձակելու, ինչպես նաեւ` մայիսի 20-ին Քոչարյանի եւ մյուսների գործի վարույթը կասեցնելու եւ սահմանադրական դատարան դիմելու որոշումները: Բացի այդ Դանիելյանը բեկանել է նաեւ Մարտի 1-ի մայր գործի ամբողջական նյութերը Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություններ էին ներկայացրել՝ նրան գրավի դիմաց ազատ արձակելու, նրա խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու, նրան Արցախի եւ Հայաստանի նախկին վարչապետերի անձնական երաշախավորությամբ ազատ արձակելու վերաբերյալ: Սակայն դատարանը մերժել էր միջնորդությունները, որից հետո պաշտպանները բողոքներ էին ներկայացրել: