136 դիտում, 2020.05.23 11:13

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել արգենտինացի իր գործընկերոջ հետ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել արգենտինացի իր գործընկերոջ հետ

Մայիսի 22-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Արգենտինայի արտաքին գործերի, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Ֆելիպե Սոլայի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը շնորհավորել է իր գործընկերոջը գալիք ազգային տոնի կապակցությամբ՝ հաջողություն և բարօրություն մաղթելով Արգենտինայի բարեկամ ժողովրդին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների հասցեագրման և սոցիալ-տնտեսական խնդիրների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ: 

Զոհրաբ Մնացականյանը և Ֆելիպե Սոլան վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը՝ գործնական քայլեր ձեռնարկելու երկկողմ հարաբերություններին նոր լիցք հաղորդելու և պատմական ամուր կապերով միահյուսված հայ-արգենտինյան համագործակցությունն առավել խորացնելու ուղղությամբ: Այդ համատեքստում երկուստեք առանձնահատուկ ընդգծվել է Արգենտինայի հայ համայնքի կամրջող դերակատարությունը ինչպես Հայաստանի և Արգենտինայի միջև կապերի ամրապնդման և աշխուժացման, այնպես էլ երկու ժողովուրդներին առավել մերձեցնելու գործում:

Ի թիվս երկկողմ համագործակցության մի շարք ուղղությունների՝ արտգործնախարարներն առանձնացրել են առևտրատնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտները՝ անմիջական դերակատարների և գործարար շրջանակների միջև կապերի խթանման տեսակետից կարևորելով համապատասխան հարթակների ստեղծումը և միջոցառումների նախաձեռնումը: 

Երկուստեք գոհունակությամբ նշվել է բազմակողմ ձևաչափերում առկա արդյունավետ փոխգործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների և մոտեցումների վրա: Այս տեսակետից առանձնահատուկ բարձր գնահատվել է ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի շուրջ Հայաստանի և Արգենտինայի սերտ համագործակցությունը։

Հայաստանի և Արգենտինայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի: 

կիսվել նյութով -