382 դիտում, 2020.05.22 18:40

Ոստիկանությունը շարունակում է իրականացնել արտակարգ ծառայություն

Ոստիկանության բոլոր ստորաբաժանումները հանրապետության ողջ տարածքում շարունակում են արտակարգ ռեժիմով ծառայությունը՝ ապահովելով նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու Պարետի որոշման կատարումը։

Ոստիկանության ծառայողները, համագործակցելով առողջապահության և արտակարգ իրավիճակների նախարարությունների աշխատակիցների հետ, այցելում են ինքնամեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներին։

Ինքնամեկուսացման կանոնների խախտումների դեպքում կազմվում են վարչական իրավախախտման արձանագրություններ։

Հսկողություն է իրականացվում հասարակական տրանսպորտում։ Ավտոբուսներում և միկրոավտոբուսներում չպետք է լինեն նախատեսվածից ավելի ուղևորներ, վարորդները պետք է լինեն դիմակով, ձեռնոցով, ունենան պաշտպանիչ և ախտահանիչ պարագաներ:

Ուղևորները նույնպես պարտադիր պետք է կրեն դիմակ ու ձեռնոցներ, տրանսպորտային միջոց նստելիս ախտահանեն ձեռքերը ավտոբուսի կամ միկրոավտոբուսի մուտքի մոտ տեղադրված ախտահանիչ նյութերով։

Տաքսիներում նույնպես վարորդները պետք է լինեն դիմակով ու ձեռնոցներով, թույլ չի տրվում փոխադրել ուղևորների, որոնք առանց պաշտպանիչ միջոցների են, արգելվում է վարորդի կողքին ուղևորի նստեցումը:

Ոստիկանները հայտնաբերում են նշված կանոնները խախտած անձանց, իջեցնում տրանսպորտային միջոցներից և կազմում արձանագրություն։
Ոստիկանները արտակարգ ծառայություն են իրականացնում նաև կանգառներում ու մարդաշատ վայրերում, հսկողություն են իրականացնում, որպեսզի քաղաքացիները պահպանեն սոցիալական հեռավորություն և ունենան դիմակներ։

Հիշեցնենք նաև, որ հոգեհանգստյան և թաղման արարողություններին սրահում արգելվում է 5-ից ավելի անձանց ներկայությունը։

Պարետի բոլոր որոշումները կարող եք տեսնել gov.am կայքի «Պարետի որոշումներ» բաժնում։

Հարգելի՛ քաղաքացիներ, խստորեն պահպանեք անվտանգության կանոնները, դրանք խախտելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն։

կիսվել նյութով -