198 դիտում, 2020.05.22 17:44

Արցախի Ազգային ժողովում ընդունել են ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը

Արցախի Ազգային ժողովում ընդունել են ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, Արարատ Միրզոյանը, իր և ՀՀ ԱԺ անունից շնորհավորելով Արցախի խորհրդարանի նորընտիր նախագահին, պատրաստակամություն է հայտնել շարունակել ընդլայնել երկու հանրապետությունների խորհրդարանների միջև սերտ համագործակցությունը:

Շնորհակալություն հայտնելով Արարատ Միրզոյանին ՀՀ խորհրդարանական պատվիրակության կազմով Արցախ այցելելու համար՝ Արթուր Թովմասյանը, բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի դերը Արցախի դիրքորոշումը խորհրդարանական տարբեր շրջանակներում ներկայացնելու գործում: ԱԺ նախագահը նաև համոզմունք է հայտնել, որ երկու խորհրդարանների համագործակցությունը այսուհետ ևս կշարունակի ակտիվորեն ընդլայնվել:

Արցախի և Հայաստանի ԱԺ նախագահների հանդիպումն այնուհետև շարունակվել է ընդլայնված կազմով՝ երկու հանրապետությունների խորհրդարանների պատգամավորների մասնակցությամբ:

Ողջունելով ներկաներին՝ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն անդրադարձել է Հայաստանի և Արցախի խորհրդարանների համագործակցությանը՝ նշելով որ միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին զուգահեռ, անհրաժեշտ է համարում նաև երկու խորհրդարանների մշտական հանձնաժողովների միջև սերտ փոխգործակցությունը:

Անդրադառնալով խորհրդարանի արտաքին կապերին՝ ԱԺ նախագահը ընդգծել է ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ կապերի խորացումը՝ այդ գործընթացում կարևորելով ՀՀ խորհրդարանի դերը:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, շնորհավորելով ներկաներին համապետական ընտրությունների կապակցությամբ, անդրադարձել է Արցախի և Հայաստանի խորհրդարանների համագործակցությանը՝ ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության դերը՝ երկրի դիրքորոշման ներկայացման գործում:

«Խաղաղ բանակցությունների արդյունքը, արցախյան հիմնախնդրի վերջնական լուծումը պետք է հիմնված լինեն Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի իրացման վրա, և չի կարող լինել որևէ լուծում, որը չի ունենա Արցախի և Հայաստանի ժողովրդի համաձայնությունը»,- նշել է Արարատ Միրզոյանը:

Հանդիպմանը հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների պատգամավորները հանդես են եկել ելույթներով և հնչեցրել առաջարկներ, ինչպես Արցախի բարեկամական շրջանակների ընդլայնման, այնպես էլ՝ տարբեր երկրների խորհրդարանների հետ համագործակցության նոր ուղիների մշակման վերաբերյալ:

կիսվել նյութով -