կարևոր
1669 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-22 16:28

Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ կկառուցվի Գոմքի կիսակառույցներից մեկը՝ տանտերերին ազատելով խոնավ, մութ ու անհրապույր նկուղում ապրելու հիշողություններից

Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ կկառուցվի Գոմքի կիսակառույցներից մեկը՝ տանտերերին ազատելով խոնավ, մութ ու անհրապույր նկուղում ապրելու հիշողություններից

Գործընկերության հերթական ձեռքբերումը՝ կիսակառույցի շինարարություն Գոմքում

Վայոց ձորի մարզի Գոմք գյուղում, մինչև տարեվերջ կլուծվի 15 տարվա վաղեմության խնդիր: Կկառուցվի գյուղի կիսակառույցներից մեկը՝ տանտերերին ազատելով խոնավ, մութ ու անհրապույր նկուղում ապրելու հիշողություններից: Այստեղ ծնված ու մեծացած 5 զավակներից ավագը տասնհինգ տարեկան է, կրտսերը՝ երկու: Շինության կաթացող կտուրը ժամանակին տանիքով է փոխարինվել, իսկ ավելի ուշ՝ սկսվել են կիսակառույցի աշխատանքները, բայց դրանք կիսատ են մնացել: Մի քանի ամիս անց, ընտանիքը կապրի արևի լույսով լցված սենյակներում, որտեղ կոմունալ հարմարություններ ունենալը կլինի ոչ թե շքեղություն, այլ օրինաչափություն: 

Տարիների ձգտումն իրականացնելու հարցում տանտիրոջը՝ Արտաշ Ղազարյանին, աջակցում են Վիվա-ՄՏՍ-ը և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»: Գործընկերները շինարարական աշխատանքներին միանալ առայժմ չեն կարողանում, սակայն տիրապետում են իրավիճակին. հեռավար՝ անակնկալ տեսազանգով ոգևորում են բնակարանաշինության ծրագրում ընդգրկված ընտանիքներին՝ սպասելով համատեղ աշխատելու հնարավորության ստեղծմանը: 

«Ձեզ հետ խոսում եմ հեռավար, որովհետև ֆիզիկապես չեմ կարող լինել Ձեր կողքին ու ձեռք-ձեռքի՝ օգնել ընտանիքին: Հոգեպես ու մտքով այդտեղ եմ: Հուսով եմ, որ մեր ժամանակավոր բացակայությունը չի թուլացնի ձեզ և աշխատանքները կավարտեք նախատեսված ժամկետներում: Ամուր մնացեք և ձգտեք իրականություն դարձնել տարիների՝ ձեր երազանքը», - տեսազանգով ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ղազարյանների ընտանիքն իր ուժերով արդեն սկսել և բավականաչափ առաջ է տարել շինարարական աշխատանքները: Մանկության ու պատանեկության 15 տարին խունացած պատերով սենյակներում անցկացրած տղան, հրաշալի գիտակցում է՝ օր առաջ շինարարությունն ավարտին հասցնելու անհրաժեշտությունը: Համլետը դարձել է հոր ավագ օգնականը: Ձգտում է ինքն էլ թիկունք լինել քույրերի և մոր համար: Աշխատում են՝ մտածելով, հետագա անելիքների, սենյակների կահավորման ու հոգսերից ազատված կյանքի մասին:  

«Գոմքը հոյակապ գյուղ է: Կարող էի հեռանալ այստեղից ու փորձել ինչ-որ ճանապարհ փնտրել, սակայն չարեցի դա: Եթե մարդիկ այդպես մտածեն՝ գյուղում մարդ չի մնա: Հիմա իմ ձեռքերով կառուցում եմ տունս: Չէի պատկերացնի, որ անակնկալ հեռախոսազանգով կոգևորեն ինձ: «Ֆուլեր տնաշինականն» ու Վիվա-ՄՏՍ-ը նույնիսկ հեռվից են աջակցում: Այս զանգից հետո ոգևորվեցի և պարտավորված եմ զգում՝ նախատեսված ժամկետներում շինարարությունն ավարտելու հարցում», - ասել է տանտերը՝ Արտաշ Ղազարյանը: 

Վիվա-ՄՏՍ-ը և  Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնը», բնակարանաշինության ծրագրով լուծում են ոչ միայն սոցիալական կարևոր խնդիր, այլև ձգտում են հիմնովին փոխել մարդկանց կյանքը: