կարևոր
2059 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-22 15:41

Հնարավոր է, ինչպես պատերազմի ժամանակ, վերցնենք նրանց, ովքեր բուժման շանս ունեն․ Արսեն Թորոսյան

Հնարավոր է, ինչպես պատերազմի ժամանակ, վերցնենք նրանց, ովքեր բուժման շանս ունեն․ Արսեն Թորոսյան

Այս պահին ունենք ինտենսիվ թերապիայի 202 մահճակալ մոբիլիզացված հիվանդանոցներում, որից զբաղեցված է 152-ը: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը առցանց ձևաչափով Հանրային խորհրդի նիստի ժամանակ:

Նախարարը շեշտեց, որ մահճակալները զբաղեցվում են շատ արագ, ազատվում շատ դանդաղ, սա նշանակում է, որ մոբիլիզացված ռեսուրսները ինչ-որ ժամանակ, հնարավոր է, չբավականացնեն, այս դեպքում առողջապահական ամբողջ համակարգն ընդգրկվելու է վիրուսի դեմ պայքարի գործում, ինչը, նախարարի խոսքով, խիստ անցանկալի սցենար է.

«Դա կարող է լինել անխուսափելի, ինչպես շատ երկրներում, եթե մենք շարունակաբար ունենանք բարձր թվեր: Սա ստիպված քայլ կլինի, և իր հետ կբերի վատ սցենարներ բուժաշխատողների վարակվածության առումով, քանի որ նրանք անխուսափելիորեն վարակվելու են: Մոտ 350 բուժաշխատող այսօր վարակված է»:

Այսօրվանից ասիմպտոմ դեպքերը մեկուսացումից անցում են ինքնամեկուսացման, Արսեն Թորոսյանն ասում է՝ սա համակարգից ուժերի կրկնակի գերլարում է պահանջում:

Մեկուսացումով հնարավոր է եղել մոտ հազար քաղաքացուց տարածվող վարակի աղբյուրը զսպել, սակայն այսուհետ  հիմնական գործիքը լինելու է ինքնամեկուսացումը:

«Հայտնի չէ՝ երբ է այս ամենը վերջանալու, մենք պետք է շատ երկար պատրաստ լինենք վարակի տարածման օղակները կոտրելուն այնքան երկար, քանի դեռ բոլորը չեն վարակվել ու լավացել, իհարկե, անխուսափելի մահերով, կամ չունենք ուղիղ ազդող դեղամիջոց, որը, դժբախտաբար, նույնիսկ հորիզոնում չի երևում, կամ պատվաստանյութ, որը կլինի փրկություն, բայց հույսերը էլի շատ փոքր են»:

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը հետաքրքրվեց՝ ինչո՞վ է պայմանավորված Հայաստանում և Վրաստանում վարակի տարածման տեմպի տարբերությունը, Թորոսյանը չժխտեց, որ Վրաստանում մինչ օրս  սահմանփակող միջոցառումները շատ խիստ և ավելի լավ են իրականացվում, միևնույն ժամանակ ընդգծեց՝ կա նաև մեթոդաբանության խնդիր.

Նախարարը շեշտեց՝ բոլորի մոտ անորոշությունները շատ ցածր են այս հիվանդության հետ կապված: Չբացառեց, որ հնարավոր է գնանք վարակված անձանց խորը սորտավորման ճանապարհով.

«Օրինակ՝ խորը սորտավորումը նաև պատերազմի ժամանակ է արվում, երբ այն պացիենտներին են հիմնականում վերցնում բուժման, որոնք, որ փրկվելու շանս ունեն և հակառակը: Չի բացառվում, որ նույնիսկ այս տեմպի պահպանման ժամանակ մենք մոտ օրերս դրան գնանք, բայց մենք ամեն ինչ անում ենք, որ դրան չգնանք: Կարիքը կլինի թվերի աճի դեպքում»: