Հայաստանում այն 27 քաղաքացուն, ում մոտ հաստատվել էր կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, չեն դիահերձել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Այդ 27 պացիենտը, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա էր հասել այլ պատճառով, չեն դիահերձվել։ Մահվան պատճառը միշտ չէ, որ դրվում է դիահերձման հիման վրա, այդ թվում մյուս սովորական հիվանդությունների դեպքում, ինչպես նաև կորոնավիրուսային վարակից առաջ։ Այդ կլինիկական ախտորոշումը դրվում է բազմաթիվ օբյեկտիվ բժշկական փաստերի հիման վրա՝ սկսած ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում (ինսուլտ- խմբ․), ինչի դեպքում պարտադիր չէ գլխուղեղի տրեպանացիա իրականացնելը»,-նշել է Թորոսյանը։
Նա շեշտել է, որ դիահերձումը մարդու մահվան պատճառն ախտորոշելու տարբերակներից մեկն է։
Հայաստանում արձանագրվել է մահվան 27 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 70 քաղաքացի։