կարևոր
888 դիտում, 1 տարի առաջ - 2020-05-21 12:17

Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել վարկեր տրամադրելու պատրվակով խարդախություն կատարելու համար

Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել վարկեր տրամադրելու պատրվակով խարդախություն կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 24-ամյա երիտասարդի կողմից, վարկեր տրամադրելու պատրվակով, տարբեր քաղաքացիներից խարդախությամբ հափշտակություն կատարելու դեպի մի շարք հանգամանքներ: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 24-ամյա երիտասարդը խմբի կազմում, ինչպես նաև միայնակ, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ,  2020թ. փետրվարից ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում արագ վարկ տրամադրելու մասին հայտարարություններ է տեղադրել «Ֆեյսբուք» սոցիալական կայքում, որի միջոցով վերջինիս հետ կապ հաստատելով՝ տարբեր քաղաքացիներ իրենց անվամբ վարկ ձևակերպելու ցանկություն են հայտնել: 

Երիտասարդը, ներկայանալով որպես վարկային կազմակերպության աշխատակից, քաղաքացիներից պահանջել ու ստացել է նրանց անձնագրային տվյալները, որոնք առցանց եղանակով մուտքագրելով վարկային կազմակերպության կայքում, ձևակերպել է վարկային հայտեր, որոնք հաստատվել են: Գումարը տրամադրելու նպատակով երիտասարդը հանդիպել է նրանց հետ, վերջիններիս տրամադրել վարկի գումարները: Այնուհետև վարկային կազմակերպության հաշվեհամարին հետ փոխանցելու պատրվակով վերջինս այդ գումարները վճարային տերմինալի միջոցով փոխանցել է իր էլեկտրոնային դրամապանակին, ապա տարբեր պատրվակներով հեռացել է՝ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակելով նշված գումարներն ու քաղաքացիներին պատճառելով խոշոր և զգալի չափերի գույքային վնաս:

 Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ  հոդվածի (խարդախություն) 1-ին մասով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված արարքներ առերևույթ կատարելու համար: Վերջինս կալանավորվել է:

Միջոցներ են ձեռնարկվում՝ խարդախությանը մասնակից անձանց շրջանակը պարզելու, հայտնաբերելու, ինչպես նաև՝ նրանց գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: