կարևոր
1949 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-21 11:00

Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ կորոնավիրուսի հետ կապված կեղծ լուրերին և մանիպուլյացիաներին

Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ կորոնավիրուսի հետ կապված կեղծ լուրերին և մանիպուլյացիաներին

Կորոնավիրուսային հիվանդության տարածման առաջին օրվանից ՀՀ կառավարությունը որևէ ոչ ստույգ տեղեկատվություն հանրությանը չի փոխանցել: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Հանրության շրջանում քննարկվում է, որ կառավարությունը մարդկանց փող է տալիս, որպեսզի նրանք համաձայնեն դառնալ կորոնավիրուսի պացիենտ։ Ու դա ունի կոնկրետ բացատրություն, իբր, միջազգային օգնություն ստանալու համար շատ կարևոր է հիվանդների ու մահերի թիվը», - ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ կառավարությունը որևէ մանիպուլյատիվ գործողություն ու տեղեկություն չի փոխանցել հանրությանը։ 

Գործադիրի ղեկավարն ընդգծեց, որ իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան պատկերացնում ենք, պետք է խստագույն միջոցներ ձեռնարկել  և ապահովել կարանտինային պայմաններ՝ առանց կարանտին հայտարարելու։

«Պետական կառավարման մարմիններում առանց դիմակի կարող են լինել միայն այն ժամանակ, երբ աշխատասենյակներում միայնակ են։ Պարետատունն անցնում է աշխատանանքերի ավելի ինտենսիվ ռեժիմի, ոստիկանությունը պետք է անցնի ավելի խիստ հսկողության», - ասաց վարչապետը՝ հավելելով, որ երեկ նկատել է՝ տաքսիների մեջ չեն պահվում հակահամաճարակային կանոնները։ 

Վարչապետն ընդգծեց, որ այդ առումով պետք է անցնել ավելի խիստ հսկողության, պահել սոցիալական հեռավորություն, իրար հետ շփվելիս պարտադիր հաղորդակցվել՝ դիմակ կրելով: 

Վարչապետը կոչ արեց փչացած հեռախոսի մեխանիզմով կեղծ լուրեր չտարածել կորոնավիրուսի մասին։

«Ինձ համար կորոնավիրուսի դեմ պայքարի կա մեկ գերարդյունավետ միջոց՝ անհատական պատասխանատվությունը»,- շեշտեց վարչապետը: