կարևոր
1145 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-20 16:41

Հակոբ Արշակյանը հեռավար քննարկում է ունեցել ՌԴ առևտրի և արդյունաբերության նախարարի հետ

Հակոբ Արշակյանը հեռավար քննարկում է ունեցել ՌԴ առևտրի և արդյունաբերության նախարարի հետ

ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը մայիսի 19-ին հեռավար քննարկում է ունեցել Ռուսաստանի Դաշնության առևտրի և արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։

Նախարար Մանտուրովը հայկական կողմին հակիրճ ներկայացրել է մինչ օրս բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության ոլորտում  երկու երկրների կողմից իրականացվող ծրագրերի զարգացման դինամիկան, թիրախային ոլորտները և համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Մասնավորապես մատնանշել է տիեզերական արդյունաբերության ոլորտում նկատվող ակտիվ զարգացման դինամիկան, որը նշանավորում է Հայաստանում «Ռոսկոսմոսի» կողմից տիեզերական մոնիտորինգի կենտրոնի գործարկման ծրագրով:

Նախարար Արշակյանը իր ռուս գործընկերոջը ներկայացրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, կարևորել բարձր-տեխնոլոգիական և ռազմարդյունաբերական ոլորտների համագործակցության ուղղությունները, որոնք քննարկվել և արձանագրվել են հայ-ռուսական միջկառավարականտնտեսական և ռազմատեխնիկական հանձնաժողովների հանդիպումների ընթացքում:

Գործընկերներն արձանագրել են, որ Հայաստանը դեռ Խորհրդային միության տարիներից կուտակել է անհրաժեշտ գիտատեխնիկական և մարդկային ներուժ՝ ստեղծելու անհրաժեշտ տեխնիկական լուծումները փոխգործակցության հիմնական ուղղություններով:

Հանդիպման ավարտին նախարարները ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ, որոնք տեղակալների մակարդակով առաջիկայում կքննարկվեն աշխատանքային կարգով:

Հրաժեշտի խոսքում նախարար Մանտուրովը նշել է, որ ռուսական կողմը ընդլայնել է արտադրական հնարավորությունները և պատրաստ է Հայաստանին տրամադրել բժշկական պարագաներ՝ Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով:

Նախարար Արշակյանը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով աշխարհը կհաղթահարի Կորոնավիրուսով պայմանավորված դժվարությունները և մարդիկ կվերադառնան բնականոն կյանքի: