կարևոր
961 դիտում, 1 տարի առաջ - 2020-05-20 16:22

«Եթե ոչ ես, ուրեմն նախկինները». անհեթեթ «փաստարկը» շուտով չի աշխատելու. Բագրատ Եսայան

ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին փոխնախարար Բագրատ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վերջին 30 տարվա մեջ անընդհատ կրկնվող ամենաանմիտ հարցը՝ ախպեր, բա Ո՞Վ, եթե ոչ … (Լևոնը, Քոչայանը, Սերժը) ։ Իմ համար բացահայտում էր, որ այս հարցը նույնիսկ հիմա է ակտուալ։ Ինձ թվում էր Նիկոլի՝ փողոցից ուղիղ վարչապետի աթոռին վայրէջք կատարելուց հետո հարցն ինքնըստինքյան կդադարի հնչել։ Վերջին 2 տարվա աբսուրդը ու դրա հետևանքները քիչ թե շատ մտածող բանական էակին պետք է որ համոզեին, որ իր ընտրությունից է կախված Ո՞Վ հարցի պատասխանը ու այդ ընտրությունն ինքն անելու է իր ամբողջ կյանքի ընթացքում, ընդ որում պարբերաբար, իսկ, որ ավելի հետաքրքիր է, նույնիսկ այդ պարբերականությունից որոշակի շեղումներով, այն է՝ արտահերթ ընտրությունների ժամանակ։ Ուրեմն, ինքը պետք է իր համար ճշտի, թե Ո՞Վ, ոչ թե հարցը որպես մեղադրանք շպրտի դիմացինի երեսին։

Բայց, արի ու տես, հարցը դեռ մարդկանց համար կա։ Այսօր հարցը տվողներին կարելի է բաժանել 2 խմբի։

Առաջինին պայմանականորեն անվանենք պողոսներ, որոնց թվում է իրենք իրենց ընտրությունն արել են 2 տարի առաջ, գտել են իրենց ՓՐԿԻՉին, հետևաբար մեկընդմիշտ նրան են փոխանցել նաև մտածելու ու որոշում կայացնելու իրենց պարտականությունն ու պատասխանատվությունը։

Երկրորդ խումբը դա աստիճանաբար սթափվող պողոսներն են, որոնք սկսել են հասկանալ, որ երկու տարի առաջ, տրվելով համընդհանուր էյֆորիային, ընտրել են մեկին, որը տարբեր՝ մտավոր, կրթական, գիտելիքային կարողությունների պատճառով, ինչպես նաև հոգեկան հավասարակշռության, հոգեբանական պատրաստվածության ու անձնական հատկանիշների բերումով, ուղղակի ի վիճակի չէ ղեկավարել երկիրը։ Այս խումբը, նարկոզից նոր արթնացածի նման, դեռ չի կողմնորոշվում իրավիճակում, բայց սովորության համաձայն արտաբերում է սովորական՝ Ո՞Վ, եթե ոչ… բառերը։
Նիկոլը, ինչպես իր երեք նախորդները, լավ է հասկանում, որ իր միակ փրկությունն այս իրավիճակն անելանելի ներկայացնելն է, բայց քանի որ, ի տարբերություն նախորդների, չի կարող իրեն ներկայացնել «անփոխարինելի» (ինքն էլ հասկանում է, որ եթե խոսի պետության ղեկավարի համար պարտադիր, բայց, իր դեպքում, ակնհայտորեն գոյություն չունեցող հատկանիշների մասին, անգամ այս խմբի համար միանգամից կդառնա ծիծաղելի), փորձում է խաղարկել իր համար միակ հնարավոր փաստարկը՝ եթե ոչ ես, ուրեմն ՆԱԽԿԻՆՆԵՐԸ։ Սակայն աստիճանաբար ինքն էլ է հասկանում, որ այս անհեթեթ «փաստարկը» շուտով չի աշխատելու։ Իմ համոզմամբ դա է այսօր նրա անհավասարակշիռ վարքագծի հիմնական պատճառը։

Առայժմ այսքանը, ի՞նչ անել հարցի պատասխանի մասին՝ շուտով»։