կարևոր
690 դիտում, 1 տարի առաջ - 2020-05-20 13:30

ՊՊԾ գնդի գրավման գործով 6 ամբաստանյալ բերման կենթարկվեն դատարան

ՊՊԾ գնդի գրավման գործով 6 ամբաստանյալ բերման կենթարկվեն դատարան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի գրավման գործով խմբի 10 անդամների գործով դատական նիստը հետաձգվեց՝ 6 ամբաստանյալի բացակայության պատճառով։ Բացակայող ամբաստանյալների պաշտպանները միջնորդություն էին ուղարկել դատարանին, խնդրելով հետաձգել դատական նիստը, քանի որ իրենց պաշտպանյալները համաճարակային պայմաններում գտնվում են խոցելի խմբում։ Դատական նիստին ներկա էին միայն Պավել Մանուկյանը, Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը։

Դատավոր Մեսրոպ Մակյանը առարկայազուրկ որակեց միջնորդությունները և նշեց, որ դատարանի դահլիճում առկա են բոլոր պայմանները անվտանգ դատական նիստը անցկացնելու համար։ Բացի այդ, ըստ դատավորի, խախտվում է քննությունը ողջամիտ ժամկետում անցկացնելու պահանջը։

«Դատարանը արձանագրում է, որ բոլոր ամբաստանյալները եղել են պատշաճ ծանուցված։ Նրանց բացակայությունը անհարգելի է և ղեկավարելով Քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածով դատարանը որոշում է կայացնում ամբաստանյալներ Վարուժան Ավետիսյանին, Մխիթար Ավետիսյանին, Էդուարդ Գրիգորյանին, Գագիկ Եղիազարյանին, Արայիկ Կյուրեղյանին և Սեդրակ Նազարյանին ոստիկանության միջոցով  բերման ենթարկել հաջորդ դատական նիստին»,- նշեց Մակյանը։

Հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 27-ին՝ 11։00-ին։

ՊՊԾ գնդի գրավման գործով խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, ովքեր մեղադրվում են սպանության մեջ։ 7 ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է (մեղադրյալ Արայիկ Խանդոյանը մահացել է ազատության մեջ)՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց: 

Դատարաններում քննվում են 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը: ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրվում է 32 անձ։