Վրաստանում մայիսի 22-ից չեղարկվում է արտակարգ դրությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Կախեթիայում գտնվող երկրի վարչապետ Գեորգի Գախարիան, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:
Միաժամանակ նա նշել է, որ երկրում կերկարաձգվեն որոշակի սահմանափակումներ, որոնք ուղղված են կորոնավիրուսի տարածման կանխարգելմանը: Վարչապետը նաև կոչ է արել քաղաքացիներին պահպանել սահմանափակումները և մասնագետների հանձնարարականներին հետեւել նաեւ արտակարգ դրության չեղարկումից հետո:
«Մենք պետք է հասկանանք, որ մեր հաջողության գինը զրոյի կհասնի այն դեպքում, եթե բոլոր սահմանափակումները արագ հանելու մեր չկշռադատված քայլով երկրին, յուրաքանչյուր քաղաքացու եւ երկրի տնտեսական վերածնունդը վտանգի ենթարկենք:
Ուստի մեզ այդ սահմանափակումները պետք են, սակայն արտակարգ դրությունն ու պարետային ժամը պետք չեն, այս պատճառով մենք դիմել ենք խորհրդարանին, որ այդ սահմանափակումները լինեն ողջամիտ, արդյունավետ եւ ուղղված կոնկրետ նպատակների»,-նշել է Գախարիան։
Վրաստանի կառավարությունն առաջարկում է օրենսդրության մեջ փոփոխություններ մտցնել, որոնք թույլ կտան սահմանափակող միջոցներ ձեռնարկել՝ առանց երկրում արտակարգ դրություն հայտարարելու եւ առանց խորհրդարանի թույլտվության: