կարևոր
1876 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-20 11:24

ԱՄՆ-ում սրճարանի այցելուն կրակել է դիմակ կրելու խնդրանքով նրան դիմած խոհարարի վրա

ԱՄՆ-ում սրճարանի այցելուն կրակել է դիմակ կրելու խնդրանքով նրան դիմած խոհարարի վրա

ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի Ավրորա քաղաքի սրճարաններից մեկում տղամարդը կրակել է խոհարարի վրա, որը մի քանի անգամ խնդրել է դիմակ կրել:

Այս մասին տեղեկացնում է«ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով տեղական KDVR հեռուստաընկերությանը:

Դեպքը տեղի է ունեցել նախորդ շաբաթ: Սրճարանի աշխատակիցները ոստիկանությանը հայտնել են, որ երիտասարդ մի տղա եկել էր սրճարան առանց դիմակի: Մատուցողուհին հայտնել է, որ կարող է սպասարկել, եթե նա կրի պաշտպանիչ դիմակ: Երիտասարդը դուրս է եկել, վերադարձել է դիմակով, սակայն կրկին այն չի կրել: Այդ ժամանակ սրճարանի աշխատակիցները կրկին ասել են, որ սահմանված կարգի համաձայն նա պետք է կրի դիմակ, հակառակ դեպքում նրա պատվերը չեն կարող ընդունել: Երիտասարդը հանել է զենքը և սպառնալիքներ հնչեցրել խոհարարի հասցեին: Իրադարձությունը զարգացել է նաև հաջորդ օրը: Երիտասարդը կրկին եկել է սրճարան և ենթադրաբար հարվածել խոհարարի դեմքին: Խոհարարը փորձել է փրկվել փախչելով, սակայն երիտասարդը կրակել է նրա ուղղությամբ: Խոհարարը տեղափոխվել է հիվանդանոց, նա թեթև վնասվածք է ստացած եղել, շուտով դուրս է գրվել: Ոստիկանությունը երիտասարդին ձերբակալել է սպանության փորձի մեղադրանքով:

ԱՄՆ-ն կորոնավիրուսով վարակվածների թվով առաջինն է աշխարհում: Ջոն Հոպկինսի համալսարանի տվյալներով երկրում վարակվածների ընդհանուր թիվն անցել է 1.5 միլիոնից, մահացածներինը՝ 90 հազարից: