կարևոր
1771 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-19 18:20

Ոստիկանությունը շարունակում է ապահովել Պարետի որոշման պահանջների կատարումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մայիսի 19-ի` վաղ առավոտից, հանրապետության ողջ տարածքում ոստիկանության ծառայողները շարունակվել են արտակարգ ռեժիմով ծառայությունը և՛ կանգառներում, և՛ շրջիկ վերակարգերով՝ ապահովելով նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով Պարետի որոշման կատարումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Ոստիկանները հսկողություն են իրականացրել, որ միկրոավտոբուսներով և ավտոբուսներով տեղափոխվեն միայն նստելու համար հատկացված տեղերին համապատասխան թվով ուղևորներ։

Ի դեպ, կանգնած ուղևորներ կարող են տեղափոխել բացառապես 9 մետրից ավելի երկարություն ունեցող տրանսպորտային միջոցները։ Կանգնած ուղևորների միջև պետք է պահպանվի առնվազն 1 մետր հեռավորություն։ Ոստիկանները հետևել են, որ ուղևորափոխադրող բոլոր տրանսպորտային միջոցների մուտքի մոտ պարտադիր տեղադրված լինեն ալկոհոլային հիմքով ձեռքի ախտահանիչներ, որպեսզի ուղևորներն ախտահանեն ձեռքերը։ Հետևել են, որ ուղևորներն ու վարորդը պարտադիր կրեն պաշտպանիչ դիմակներ։

Ոստիկանության ծառայողները և՛ վարորդներին, և՛ ուղևորներին հիշեցրել են, որ անվտանգության կանոնների խախտումները կառաջացնեն օրենքով սահմանված պատասխանատվություն։