ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը վստահ է, որ բաց տարածքներում դիմակի առկայության պահանջը խախտելու համար տուգանքը նվազեցնելով՝ կառավարությունը կսկսի այն լայնորեն կիրառել: Միրզոյանը նման տեսակետ հայտնեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծի քննարկմանը:
ԱԺ նախագահը նախ նկատեց՝ կառավարությունը պետք է ունենա գործիքներ, որ արտակարգ դրության ընթացքում ընդունված որոշումները, որոնք ուղղված են մարդկանց առողջությունը պահպանելուն, իրագործվեն:
«Մի գործիքն էլ պատիժն է, սակայն համատարած հարյուր հազար դրամ պատիժ կիրառելը տեղին չէ, համաչափ չէ: Եվ բերվել է օրենքի նախագիծ, որտեղ տուգանքը սահմանվում է տասը հազար դրամ: Ինձ համար ակնհայտ էր առաջին վայրկյանից, որ սա վկայում է այն մասին, որ կառավարությունը ունի մտադրություն` սկսել լայնորեն կիրառել այս պատիժը: Նախկինում շատ դիպվածային էր: Մենք մյուս շաբաթ կտեսնենք, որ այս պատիժը լայնորեն կիրառվում է, չափը իջեցնում են, որ կարողանան շատ կիրառել»,-ասաց նա ու նկատեց՝ դա սթափեցնող ազդեցություն կունենա:
Միրզոյանի կարծիքով՝ մեկին խնդրելով, մեկին բացատրելով, մեկին համոզելով, մեկին տուգանելով, պետք է հասնեն նրան, որ մարդիկ լուրջ վերաբերվեն այս իրավիճակին:
Անդրադառնալով քննարկումներին, թե մարդիկ հնարամտությունների դիմելու, կանոնները խախտելու շատ հնարավորություններ ունեն՝ Միրզոյանը նկատեց՝ յուրաքանչյուր հնարամիտ մարդ անվերջ կարող է մտածել իրավիճակ, թե ոնց կարող է խուսափել պատժվելուց, շրջանցել կարգավորումը:
«Բայց՝ իմա՞ստը, այս պատմության մեջ ով ում է խաբում: Կառավարությունը սա ինչու՞ է անում, որպեսզի տուգանի՞ մարդկանց: Սա կառվարությունն անում է, որ մարդկանց պաշտպանի»,-նշեց Միրզոյանը:
Նա նկատեց՝ իսկապես աշխարհում 100-տոկոսանոց պատասխան չկա` դիմակը օգնո՞ւմ է, թե՞ ոչ:
«Առողջապահական գլոբալ կազմակերպությունները երկուշաբթի օրն ասում են, թե դիմակն օգնում է, երեքշաբթի օրերը ասում են` չէ, ոնց որ թե չի օգնում: Աշխարհում ոչ մեկ չգիտի, բայց փաստ է, որ կա շանս, որ այս դիմակը կարող է օգնել փրկել մարդու կյանքը, հիմա ասում ենք կրեք դա, ունեցեք մոտներդ»,- ասաց նա:
Անդրադառնալով դիմակների գնին՝ Միրզոյանը կարծիք հայտնեց, որ կառավարությունը պետք է կտրուկ միջոցներ ձեռնարկի գները կարգավորելու և սահմանաչափեր սահմանելու համար:
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով մասնավորապես առաջարկվում է հանրային բաց տարածքներում դիմակի առկայության պահանջը խախտելու համար սահմանել 10 հազար դրամ տուգանք՝ գործող 100 հազարից 250 հազար դրամի փոխարեն: