կարևոր
2201 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-18 20:45

Երևանի հաշվառման-քննական բաժնում անխափան աշխատանք կազմակերպելու համար միացել են ոստիկանական ուժեր

Երևանի հաշվառման-քննական բաժնում անխափան աշխատանք կազմակերպելու համար միացել են ոստիկանական ուժեր

Երևանի հաշվառման-քննական բաժնի պետ Արմեն Սարգսյանը 2 ամիս քաղաքացիներին չսպասարկելուց հետո տրամաբանական է համարում տրանսպորտային միջոցների տեխզննման կայանում գոյացած հերթը։ Այս մասին ոստիկանության գնդապետն ասաց լրագրողների հետ զրույցում։

«Երևանի հաշվռման-քննական բաժանմունքը շուրջ երկու ամիս քաղաքացիներին չի սպասարկել, սպասելի էր և տրամաբանական, որ կուտակումներ էին լինելու: Մենք աշխատում ենք և քաղաքացիներին սպասարկում ենք արտակարգ, յուրահատուկ պայմաններում: Այս կուտակումն առաջացել է առավոտյան 08։55-ից, և հիմա տեսնում եք 15-20 հոգի, որոնք ցանկանում են առաջինը և րոպե առաջ մտնել հաշվառման-քննական ստորաբաժանման տարածք»,- նշել է գնդապետը:

Սարգսյանը հայտնեց, որ ստորաբաժանումն առանց ընդմիջումների է աշխատում և հնարավորինս արագ փորձում է սպասարկել: Նրա խոսքով՝ այսօր հավաքված քաղաքացիները երկու խմբով էին եկել, մի մասը՝ վարորդական իրավունք ստանալու քննություններ հանձնելու, իսկ մյուսը՝ հաշվառման ստորաբաժանման կողմից սպասարկվելու համար:

«Վարորդական վկայականներ ստանալու համար քաղաքացիներ այլևս չկան, նրանց կամ սպասարկել են, կամ ավտոդրոմում քննություն են հանձնում: Այն քաղաքացիները, որոնք բողոքում են, որ հերթը դանդաղ է առաջ գնում, պետք է գիտակցեն, որ բացի իրենցից, նաև այլ քաղաքացիներ են սպասարկվում»,- շեշտեց Սարգսյանը:

Անդրադառնալով հարցին, որ քաղաքացիները հերթում կանգնած ինքնուրույն ցուցակագրում են արել՝ հաշվառման-քննական բաժնի պետը նշեց, որ նման բան որևէ տեղ նշված չէ, բայց քանի որ իրենց մեջ ցուցակագրվել են, աշխատակազմն այդ հերթականությամբ ընդունել է նրանց:

«Բացի հաշվառման-քննական ստորաբաժանման անձնակազմից, այստեղ ներգրավվել են նաև ոստիկանական այլ ուժեր, որոնք հորդորում են քաղաքացիներին կրել դիմակներ, պահպանել սոցիալական հեռավորություն։ Ներսում էլ 15 աշխատակից անընդհատ իրականացնում է գրանցման աշխատանքներ, ինչպես նաև այլ աշխատակիցների կողմից տրամադրվում են լրացուցիչ ծառայություններ՝ դիմումներ, տեղեկանքներ, վարորդական վկայական ստանալու համար քննություններ և այլն»,- ասաց Արմեն Սարգսյանը։