կարևոր
1360 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-18 16:46

Նախարարը հորդորում է չհավատալ COVID-19-ի մասին դավադրության տեսություններին, չկորցնել զգոնությունը

Նախարարը հորդորում է չհավատալ COVID-19-ի մասին դավադրության տեսություններին, չկորցնել զգոնությունը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նկատում է, որ կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճին զուգահեռ մեծանում է նաև դավադրության տեսություններին հավատացողների թիվը. սրա արդյունքում մարդիկ կարող են կորցնել զգոնությունը հիվանդության նկատմամբ: Նախարարն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճին զուգահեռ մեծանում է նաև դավադրության տեսություններին հավատացողների թիվը։ Այս փաստն անհանգստացնում է մեզ՝ այն տեսանկյունից, որ մարդիկ կարող են կորցնել իրենց զգոնությունը հիվանդության նկատմամբ։ Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում այս ամենը կարող է նպաստել ավելի շատ դեպքեր ունենալուն»,-գրել է Թորոսյանը:

Նախարարը նկատել է՝ «Մեզ հաստատ չիպավորելու են», «Այդպիսի հիվանդություն չկա», «Մեզ չի կպնի», «Համաշխարհային բլեֆ է», «Ամեն ինչ սուտ է», «Դրսից ֆինանսավորում ստանալու համար է» և նմանատիպ այլ արտահայտությունների կարելի է հանդիպել անհատ օգտատերերի գրառումներում, ովքեր նաև մեկնաբանություններ են թողնում լրատվամիջոցների կողմից հրապարակված նյութերի մեկնաբանություններում: «Նման կարծիքները նաև լայնորեն լուսաբանվում են ԶԼՄ-ների կողմից: Չենք ուզում, որպեսզի մեր բնակչությունը կորցնի զգոնությունը և եթե այս միտումը շարունակվի, ստիպված ենք լինելու կեղծ և չհիմնավորված այսպիսի լուրեր տարածողների տվյալները փոխանցել իրավապահ մարմիններին՝ նախ հասկանալու համար, թե ովքեր են կանգնած դրանց հետևում և ինչ շարժառիթ ունեն վնասելու մեր քաղաքացիներին»,-ասել է նախարարը:

Թորոսյանը, հաշվի առնելով վերջին օրերի վիճակագրությունը, հայրենակիցներին ևս մեկ անգամ հորդորել է ավելի ուշադիր լինել, հետևել բոլոր ցուցումներին՝ կանգնեցնելու հիվանդության տարածման տեմպը: Նախարարը նաև կոչ է արել, որ որպես հավաստի տեղեկատվության աղբյուր, մարդիկ հետևեն պաշտոնական լրահոսին: