Ազգային ժողովում մեկնարկել է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հերթական նիստը: Հանձնաժողով է հրավիրված ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ, այժմ՝ ՀՀ վարչապետի խորհրդական, Արշակ Կարապետյանը: Նա 2019 թվականի հոկտեմբերին մեկ անգամ արդեն պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին, սա նրա երկրորդ ցուցմունքն է:
Նիստի մեկնարկից առաջ Կարապետյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:
Հանձնաժողովի վերջին հյուրերն են եղել զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Սերժ Սարգսյանը, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը եւ այլք:
Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին տեղեկացրել է, որ հանձնաժողովը դեսպանատան միջոցով հրավեր է ուղարկել նաեւ Ռուսաստանում բնակվող ՀՀ ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանին:
Դեսպանատնից Քոչարյանին տեղեկացրել են, որ նա համաձայն է պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին: Դեռեւս պարզ չէ՝ Նալբանդյանը կգա Հայաստա՞ն, թե՞ նրան հարցեր կուղղվեն տեսակապի միջոցով:
Այս պահին պարզ է, որ հանձնաժողովն իր աշխատանքներն ավարտելու է հունիսի 4-ին, որից հետո կլինի զեկույց: