կարևոր
642 դիտում, 11 ամիս առաջ --> 2020-05-18 14:29

Երեխաներն օրը երկու անգամ հեռավար կջերմաչափվեն․ մանկապարտեզներում կգործեն նոր կանոններ

Երեխաներն օրը երկու անգամ հեռավար կջերմաչափվեն․ մանկապարտեզներում կգործեն նոր կանոններ

  Երևանի բոլոր մանկապարտեզներում մայիսի 18-ին և 19-ին կիրականացվեն ախտահանման աշխատանքներ, որոնք ամենօրյա բնույթ կկրեն այնքան ժամանակ, քանի դեռ պահպանվում է արտակարգ դրությունը։

Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։

«Մանկապարտեզները բացվելու են մայիսի 20-ից և գործելու են հատուկ կանոնակարգով։ Աշխատանքային օրվա ավարտից հետո կախտահանվեն բոլոր մանկապարտեզներն ու այն տարածքները, որտեղ երեխաները շփում կունենան։ Մշակվել են անվտանգության բոլոր կանոնները, որոնցով մենք պետք է առաջնորդվենք, այսինքն՝ սկսած մանկապարտեզի բակային տարածքների նշագրումից, որպեսզի ծնողները պահպանելով սոցիալական հեռավորությունը երեխային բերեն մանկապարտեզ։ Բացառում ենք ծնողներից որևէ մեկի մուտքն այնտեղ։ Երեխաներին կդիմավորեն մանկապարտեզների աշխատակիցները, հեռավար ջերմաչափում կանեն, ինչից հետո միայն կթողնեն շենք մտնել։ Ջերմաչափում կիրականացվի նաև օրվա վերջում՝ տուն գնալուց առաջ»,- նշեց Վիրաբյանը։

Նրա խոսքով՝ երեխաներին մանկապարտեզ տանելու համար առաջնահերթություն է տրվել այն ծնողներին, ովքեր գործնականում չեն կարողանում ապահովել երեխաների խնամքը տանը՝ կապված իրենց աշխատանքի հետ, որը հնարավոր չէ իրականացնել հեռավար կերպով։

Մանկապարտեզ գնալու առաջնահերթություն են ունենալու այն երեխաները, որոնց ծնողներն աշխատում են, աշխատում է միայն մայրը կամ սոցիալապես անապահով ընտանիքի երեխաներ են։

«Երևանի 161 մանկապարտեզից նախնական հարցումներ են արվել մոտ 31 հազար ծնողի և նրանցից մոտ 11 հազարը գտնվում են այս կարգավիճակներից մեկում ու ցանկություն են հայտնել երեխային մանկապարտեզ տանել։ Հորդորում ենք բոլոր ծնողներին ցուցաբերել համբերություն, որպեսզի մեկ մուտքով մոտ 80-100 երեխա կարողանա մուտք գործել մանկապարտեզ։ Խմբերում այս պարագայում լինելու է 8-10 երեխա, այսինքն` մենք կկարողանանք պահպանել անվտանգության բոլոր կանոնները»,- ընդգծեց Վիրաբյանը։

Երևանի քաղաքապետի տեղակալը շեշտեց, որ մանկապարտեզներում որոշ ժամանակով չեն լինի այն խաղատեսակները և խաղալիքները, որոնց վրա վարակը կարող է երկար մնալ։ Հրաժարվելու են նաև այն միջոցառումներից, որոնք ենթադրում են երեխաների սերտ շփում։

Վիրաբյանը նշեց, որ մանկապարտեզների աշխատակիցներից մոտ 20-22 տոկոսը գտնվում է ռիսկային խմբում և, բնականաբար, նրանք աշխատանքի չեն գնա։

«Այդ աշխատակիցները  շարունակելու են վճարվել այնպես, ինչպես մինչ այս պահը՝ կստանան 100 տոկոս աշխատավարձ։ Թիրախային խմբի դայակներին և դաստիարակներին կփոխարինեն իրենց այլ գործընկերներ։ Այն աշխատակիցները, ովքեր իրենց, իսկ ապահովության համար չեն ցանկանա աշխատանքի գնալ՝ կվճարվեն հարկադիր պարապուրդի համար»,- ասաց Վիրաբյանը։

Նա տեղեկացրեց, որ այսօր առավոտյան խորհրդակցություն են ունեցել վարչական շրջանների համապատասխան բաժինների աշխատակիցների հետ, և նրանց տրվել են հստակ հանձնարարականներ։

Անդրադառնալով երեխաներին տրվող սննդին՝ Երևանի քաղաքապետի տեղակալը նշեց, որ բազմաթիվ քննարկումների արդյունքում եկել են այն եզրահանգման, որ սնունդը կլինի այնպես, ինչպես նախկինում, բնականաբար, կանոնների որոշակի խստացմամբ։

«Այսօր ես քննարկում եմ ունեցել քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզներին սննդի մատակարարների հետ։ Նրանց հետ մշակել ենք աշխատանքային նոր ձևաչափ․ որոշ սննդատեսակների դեպքում արվել են փաթեթավորման փոփոխություններ՝ սնունդն ավելի անվտանգ դարձնելու համար։ Կիրառվում են նաև մի շարք այլ նորմեր, որոնք մեզ կպաշտպանեն համավարակից»,- նշեց Վիրաբյանը։

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն, ներառյալ` ժամկետով:

Մանկապարտեզները կգործեն 2020 թվականի մայիսի 20-ից՝ պահպանելով հատուկ կանոններ։