ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը ստացել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու վերաբերյալ։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Քոչարյանի փաստաբանական թիմը։ Որոշումը բաղկացած է 92 էջից։
«Պաշտպանական կողմը համաձայն չէ որոշման հիմքերի հետ և ներկայումս վերաքննիչ բողոքներ է պատրաստում, որոնք առաջիկայում սահմանված կարգով կներկայացվեն վերաքննիչ քրեական դատարան»,- նշված է հաղորդագրության մեջ։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում մայիսի 13-ին դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն ընդհանրապես վերացնելու, գրավ կամ անձնական երաշխավորություն կիրառելու մասին պատշպանների միջնորդությունները։
Քոչարյանը ապրիլի 28-ին տեղափոխվել էր Իզմիրլյան բժշկական կենտրոն՝ հետազոտություն անցնելու համար։ Նա մայիսի 12-ին վիրահատվել էր։
ՀՀ երկրորդ նախագահը կալանքի տակ է 2019 թվականի հունիսի 25-ից։ Նա մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ։