կարևոր
1650 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-18 12:31

Պաշտպանի աջակցությամբ բեռնատարների վարորդները հատել են Իրան-Հայաստան պետական սահմանը

Պաշտպանի աջակցությամբ բեռնատարների վարորդները հատել են Իրան-Հայաստան պետական սահմանը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ահազանգ են ներկայացրել քաղաքացիներ և խնդրել Պաշտպանի աջակցությունը բեռնատարներով Իրանից Հայաստան պետական սահմանը հատելու հարցում։ Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։

Ըստ ահազանգի՝ մի շարք բեռնատարներ վարորդներով գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում՝ Հայաստանի Հանրապետության սահմանագծի մոտ և  3-4 օր է չեն կարողանում մուտք գործել ՀՀ տարածք, քանի որ 300-ից ավելի բեռնատար մեքենաների հերթեր են գոյացել: Քաղաքացիները հավելել են, որ իրանական կողմի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ հայկական կողմը չի ընդունում բեռնատար մեքենաներ, սակայն իրենց պնդմամբ գիշերային ժամերին թույլատրում են իրանական համարանիշներով մեքենաներին մուտք գործել ՀՀ տարածք:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը խնդիրը ներկայացրել է Պարետատան իրավասու ներկայացուցչին, քննարկվել են հարցի լուծման ուղղությունները։ Համագործակցության արդյունքում մի շարք վարորդներ բեռնատար մեքենաներով հնարավորություն են ստացել մուտք գործել Հայաստանի Հանրապետություն։