կարևոր
1457 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-18 09:41

Մոսկվայից Հայաստան է վերադառնում 229 քաղաքացի

Մայիսի 17-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ վինգս» ընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան։ Այս չվերթով Հայաստան է վերադառնում 229 քաղաքացի։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից:

«Նշենք, որ դեպի Երևան հաջորդ չարտերային չվերթները կիրականացվեն Սոչիից (մայիսի 19-ին), Կրասնոդարից (մայիսի 23-ին), Մոսկվայից (մայիսի 25-ին), Սանկտ Պետերբուրգից (մայիսի 27-ին)։

Մոսկվայից կազմակերպվող չվերթի առնչությամբ ցուցակագրված քաղաքացիների հետ կապ կհաստատվի առաջիկա օրերին։

Միևնույն ժամանակ, ցավով պետք է նշենք, որ մի շարք հերթագրված քաղաքացիներ, ովքեր հեռախոսակապի միջոցով վերահաստատել էին մայիսի 15-ի և 17-ի չվերթներով Հայաստան մեկնելու իրենց պատրաստակամությունը, չեն ներկայացել օդանավակայան՝ զրկելով այս օրերին Հայաստան վերադարձի սպասող բազմաթիվ քաղաքացիների ստեղծված հնարավորությունից։

Հերթագրումով հաստատված, բայց չվերթին չներկայացած քաղաքացիները առաջիկա թռիչքների համար չեն դիտարկվելու»,- ասվում է դեսպանության հաղորդագրությունում։