11.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 +0.31 | |
GBP | 495.67 +4.92 | |
EUR | 419.78 +4.30 | |
GEL | 150.47 +0.32 | |
RUB | 6.7 -0.01 |
Հայաստանում, կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված, պաշտոնապես նախատեսվում է, որ կարձանագրվի 2 տոկոս տնտեսական անկում՝ ի տարբերություն կանխատեսված 4.9 տոկոս տնտեսական աճի. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է՝ աշխատանքով հնարավոր կլինի տարին ամփոփել ավելի լավ ցուցանիշներով: Փաշինյանը նման տեսակետ հայտնեց մայիսի 16-ին առցանց ասուլիսում՝ պատասխանելով այն հարցին, թե երկրում սահմանափակումներն ի՞նչ ազդեցություն են ունեցել տնտեսության վրա:
«Մեր պաշտոնական կանխատեսումն է այն է, որ վնասը կլինի 2 տոկոս, այսինքն՝ 2 տոկոսի տնտեսական անկում կունենանք 2020-ի արդյունքներով: Սակայն կարծում եմ, որ մենք բոլորս պետք է տրամադրվենք աշխատանքի, նախկինում էլ, երբ տնտեսական բարձր արդյունքներ ենք արձանագրել, այդ բարձր արդյունքներն արձանագրել ենք կանխատեսումներից էականորեն ավելի: Եվ տվյալ դեպքում մենք կարող ենք առաջիկայում լծվել աշխատանքի, դրա պատկերացումն ու հնարավորությունները կան, և 2020 թվականը փակել շատ ավելի լավ պայմաններով, քան նախատեսվում է»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը շեշտեց՝ դրա համար պետք է ջանք գործադրել, և վստահեցրեց՝ կգործադրվեն:
Կորոնավիրուսի ճգնաժամով պայմանավորված կանխատեսվում է 2% տնտեսական անկում՝ ի տարբերություն 2020 թվականի բյուջեով նախատեսված 4.9% տնտեսական աճի։ Այս պայմաններում անվանական ՀՆԱ-ն ցածր կլինի բյուջեում դրված մեծությունից. 7 տրիլիոն 95 միլիարդ դրամի փոխարեն կանխատեսվում է 6 տրիլիոն 485 միլիարդ դրամ ՀՆԱ։ Այս կանխատեսումն ընկած է ապրիլի 29-ին ՀՀ ԱԺ կողմից ընդունված 2020թ. պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի հիմքում։