կարևոր
1973 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-16 18:03

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀ-ում առկա որոշ գործարանների փակ լինելու հանգամանքին

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀ-ում առկա որոշ գործարանների փակ լինելու հանգամանքին

ՀՀ վարչապետ Նիկո Փաշինյանը Հայաստանում առկա բալոնների, Հայկական էլեկտրատեխնիկայի արտադրության, Սևանի շաքարի, Ալավերդու պղնձաձուլական, բամբակի վերամշակման գործարանների փակ լինելը համարում է այդ ընկերությունների սեփականատերերի խնդիրը։

Այս մասին Փաշինյանն ասաց մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինչո՞ւ դրանք այսօր չեն գործում, այն դեպքում, որ դրանց մի մասի բացմանն ինքն անձամբ է ներկա եղել։

«Ես կարող եմ շատ գործարաններում կամ այլ վայրերում լինել և մասնակցել շատ միջոցառումների։ Լինում եմ գյուղատնտեսական դաշտերում, սրճարաններում, ձեռնարկություններում։ Ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր ձեռնարկության աշխատանքի հետագա և ոչ հետագա պատասխանատվությունն առաջին հերթին կրում է այդ ընկերության սեփականատերը և այդ ընկերության ղեկավարությունը։ Ուրիշ հարց է, որ կառավարությունը ստեղծել է օբյեկտիվ և անհրաժեշտ պայմաններ ընկերությունների գործունեության համար»,- նշեց Փաշինյանը։

Նա հայտնեց, որ այդ գործարաններից մեկի սեփականատերը եղել է նաև «Սանիտեկ» ընկերության սեփականատերը։ ՀՀ վարչապետն ընդգծեց, որ այդ ընկերություններից մի քանիսի ղեկավարները կոռուպցիոն գործերով գտնվում են հետախուզման մեջ։

«Ես նաև ուզում եմ շեշտել, որ որևէ գործարանում կամ ընկերությունում իմ գտնվելը դրանց սեփականատերերին չի ազատում օրենքի առաջ ունեցած պատասխանատվությունից, ինչպես նաև չեն կարող աշխատել առանց բնապահպանական պահանջները հաշվի առնելու»,- ասաց Փաշինյանը։