կարևոր
1471 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-16 14:56

Հայաստանում առաջին եռամսյակում տպվել է 21,9 տոկոսով ավելի ՀԴՄ կտրոն

Հայաստանում առաջին եռամսյակում տպվել է 21,9 տոկոսով ավելի ՀԴՄ կտրոն

Հայաստանում 2020 թվականի հունվար-մարտ ամիսներին տպագրվել է 111.7 մլն հատ ՀԴՄ կտրոն, որը 21.9 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին իր առցանց ասուլիսում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին»:

«2020 թվականի հունվար-մարտ ամիսներին տպագրված ՀԴՄ կտրոններում արտացոլված ֆիսկալ շրջանառությունները 45.5 մլրդ դրամով կամ 11.8 տոկոսով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ 2020 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում դուրս են գրվել 5.7 մլն հատ հաշվարկային փաստաթղթեր, որոնք 13.8 տոկոսով ավելին են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»,- ասաց Փաշինյանն ու շնորհակալություն հայտնեց բոլոր այն հայրենակիցներին, որոնք պահանջում են ՀԴՄ կտրոն, որոնք թողարկում են ՀԴՄ կտրոն:

Վարչապետը նաև նշեց, որ 2020 թվականի առաջին եռամսյակի տվյալներով բյուջեի եկամուտները գերակատարվել են 8.9 մլրդ դրամով։ 2020 թվականի առաջին եռամսյակի հարկային եկամուտների ցուցանիշը 2019թ-ի առաջին եռամսյակի ցուցանիշին գերազանցում են 49.5 մլրդ դրամով կամ 16.5%-ով, իսկ 2018թ-ի համապատասխան ցուցանիշներին՝ 60.5 մլրդ դրամով կամ 25.3 տոկոսով։

«Չնայած առաջին եռամսյակի մարտ ամսվա մեծ մասն արդեն կորոնավիրուսային ճգնաժամի պայմաններում էինք, սակայն մեզ հաջողվեց բյուջեի եկամտային մասը գերակատարել, ինչը լավ ցուցանիշ է»,- նկատեց նա:

Կառավարությունը մայիսի 14-ի նիստում որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով: