կարևոր
1265 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-16 13:16

Հայաստանում օտարերկրյա ռեզիդենտների ներդրած ավանդները նախորդ տարի ավելացել են 337 մլրդ դրամով

Հայաստանում օտարերկրյա ռեզիդենտների ներդրած ավանդները նախորդ տարի ավելացել են 337 մլրդ դրամով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարի ոչ ռեզիդենտների կողմից Հայաստանում ներդրված ավանդների շուրջ 48 տոկոսով աճը համարում է երկրի ֆինանսական համակարգի նկատմամբ օտարերկրյա տնտեսավարողների վսահության ամրապնդման արդյունք: Փաշինյանը նման տեսակետ հայտնեց իր ասուլիսում՝ ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին»:

«2019 թվականին ոչ ռեզիդենտներից ներգրավված բանկային ավանդներն ավելացել են 48%-ով կամ 337 մլրդ դրամով և կազմել են շուրջ 1 տրլն դրամ: Այս միտումը մի կողմից համահունչ է ցածր տոկոսադրույքներով շուկաներից դեպի բարձր տոկոսադրույքների շուկա կապիտալի հոսքի համաշխարհային պրակտիկային, իսկ մյուս կողմից վերահաստատում է Հայաստանի տնտեսության, այդ թվում՝ ֆինանսական համակարգի նկատմամբ օտարերկրյա տնտեսվարողների մոտ վստահության ամրապնդումը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նկատեց՝ օտարերկրյա կազմակերպությունները կամ անհատները Հայաստանի բանկային համակարգին ավելի են վստահում, ավանդներ ներդնում, գործունեություն ծավալում, վարկեր վերցնում:

Միևնույն ժամանակ ոչ ռեզիդենտներին տրամադրված վարկերն ավելացել են 3%-ով կամ 7 մլրդ դրամով և կազմել՝ 245 մլրդ դրամ։