կարևոր
1369 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-16 11:56

Պետությունը հակաճգնաժամային միջոցառման շրջանակում 9475 հղի կնոջ տրամադրել է 100-հազարական դրամ

Պետությունը հակաճգնաժամային միջոցառման շրջանակում 9475 հղի կնոջ տրամադրել է 100-հազարական դրամ

 Պետությունը հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում տարբեր խմբերի տրամադրել է սոցիալական աջակցություն, մասնավորապես 7-րդ միջոցառմամբ՝ 9 հազար 475 հղի կնոջ տրամադրել է 100 հազարական դրամ աջակցություն: Այս մասին իր ասուլիսում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին»:

«Հակաճգնաժամային 7-րդ միջոցառմամբ մարտի 30-ի դրությամբ աշխատանք չունեցող հղի կանայք, ում ամուսինները նույնպես չեն ունեցել աշխատանք, ստացել են 100 հազարական դրամ աջակցություն: Ծրագրից օգտվել են 9 հազար 475 կանայք, բաշխվել է՝ 921 մլն դրամ»,-ասաց Փաշինյանը:

Հակաճգնաժամային չորրորդ միջոցառմամբ մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքը կորցրած ծնողները ստացել են մինչև 14 տարեկան յուրաքանչյուր երեխայի համար 100 հազար դրամ աջակցություն: Միջոցառումից օգտվել է 2 հազար 93 քաղաքացի, բաշխվել է 209 մլն դրամ: Իսկ հակաճգնաժամային 6-րդ միջոցառմամբ մարտի 13-30 ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված անձինք, որոնք չունեն մինչև 14 տարեկան երեխա, ստացել են 68 հազարական դրամ աջակցություն: Ծրագրից օգտվել են 7 հազար 925 քաղաքացի, ծրագրով բաշխվել է 539 միլիոն դրամ:

«Հակաճգնաժամային 9-րդ միջոցառմամբ 0-18 տարեկան երեխա ունեցող ընտանիքները, որտեղ երկու ծնողներն էլ չունեն գրանցված աշխատանք, ստացել են յուրաքանչյուր երեխայի համար 26 հազար 500 դրամ աջակցություն: Ծրագրից օգտվել է շուրջ 166 հազար երեխա, բաշխվել է՝ 4.4 մլրդ դրամ»,- ասաց վարչապետը:

Հակաճգնաժամային 13-րդ միջոցառմամբ նպաստառու ընտանիքները ստացել են ամսական նպաստի 50 տոկոսի չափով լրացուցիչ աջակցություն: Ծրագրից օգտվել է 84 հազար 810 ընտանիք, բաշխվել է՝ 1.2 մլրդ դրամ: