Կորոնավիրուսային վարակի համաճարակը կարող է ավելի խորը վնաս հասցնել համաշխարհային տնտեսությանը, քան անցյալի բազմաթիվ այլ աղետներ: Այս մասին հայտարարել է ՌԴ ՊԱՀՀ-ի համալիր եվրոպական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Վասիլի Կաշինը, հաղորդում է РИА Новости-ն։
«COVID-19-ը կարող է ավելի խորը հետեւանքներ ունենալ, քան անցյալի մյուս աղետները, նույնիսկ նրանք, որոնք ուղեկցվում էին զգալիորեն մեծ մարդկային եւ նյութական զոհերով»,-ասել է Կաշինը։
Փորձագետը կարծում է, որ պանդեմիայի նման զգալի ազդեցությունը գոյություն ունեցող աշխարհակարգի վրա կապված է այն բանի հետ, որ այն տեղի է ունեցել՝ բոլորովին այլ պայմաններում, որոնք նախկինում երբեք չեն հանդիպել: «Եթե մենք հիշենք 20-րդ դարի ամենահայտնի գլոբալ պանդեմիան՝ իսպանական գրիպը, ապա շատ մեծ տարբերություններ կտեսնենք»,-հիշեցրել է փորձագետը ։
Նրա խոսքով, ի տարբերություն կորոնավիրուսի՝ «իսպանուհին» հիմնական հարվածը հասցրեց այն ժամանակ գոյություն ունեցող գլոբալ տնտեսությանը․ տուժած երկրները Չինաստանն ու Հնդկաստանն էին:
«Այժմ COVID-19 պանդեմիան ամենամեծ կորուստները հասցնում է այն երկրներին, որոնք ժամանակակից գլոբալ տնտեսության կենտրոններն են՝ ԱՄՆ-ը եւ Արեւմտյան Եվրոպան» - հայտարարել է Կաշինը։
Կաշինը պնդում է, որ վերջին տասնամյակների համաշխարհային տնտեսության զարգացման ողջ տրամաբանությունը «կայունության եւ պաշտպանվածության նվազեցման հաշվին արդյունավետության բարձրացման» մեջ է: