կարևոր
2272 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-15 12:42

Հանրային սննդի օբյեկտ մտնելուց առաջ բոլորը կջերմաչափվեն. ախտանշաններ ունեցողների մուտքը կարգելվի

Հանրային սննդի օբյեկտ մտնելուց առաջ բոլորը կջերմաչափվեն. ախտանշաններ ունեցողների մուտքը կարգելվի

Հանրային սննդի օբյեկտների մուտքի առաջ բոլորը կջերմաչափվեն, ակնհայտ ախտանիշներ՝ հազ, ջերմություն ունեցողների մուտքը կարգելվի: Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը՝ ներկայացնելով չարգելված տնտեսական գործունեության տեսակներում անվտանգության նոր կանոնները:

«Հանրային սննդի օբյեկտներում մուտքի առաջ բոլորն անպայման պետք է ջերմաչափվեն: Ում ջերմությունը բարձր կլինի, կանոնների համաձայն, չեն սպասարկվի: Չի թույլատրվելու այն անձանց մուտքը, որոնք կունենան բացահայտ ախտանիշներ՝ հարբուխ, հազ, բարձր ջերմություն: Միևնույն ժամանակ վերջիններիս վերաբերյալ տեղեկատվությունն անհրաժեշտ է հաղորդել Առողջապահության նախարարության թեժ գծերին»,-ասաց փոխնախարարը:

Նա շեշտեց՝ այդ միջոցառումներն ուղղված են միմիայն համավարակի տարածումը կանխելու, ռիսկի մակարդակը հնարավորինս իջեցնելու համար, հորդորեց քաղաքացիներին, տնտեսավարողներին՝ խստորեն հետևել կանոններին: Սիմոնյանը հորդորեց ձեռնարկատերերին՝ մինչև լիովին չապահովեն կանոնները, չվերսկսեն իրենց գործունեությունը: Միայն բոլոր կանոնների պահպանումը թույլ կտա իրականացնել վերջիններիս գործունեությունը: Մասամբ կանոնների կիրառումը կնշանակի, որ աշխատանքը թերի է, և դա հիմք է գործունեությունը սահմանափակելու համար:

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից, ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը, ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Սակայն մայիսի 18-ից գործելու է հանրային տրանսպորտը: Թույլատրվելու է հանրային սննդի օբյեկտների գործունեությունը, որոնք ծառայություններ են մատուցում նաև փակ տարածքներում: Հանրային բաց տարածքներում դիմակների առկայությունը, իսկ հանրային փակ տարածքներում կրելը լինելու է պարտադիր: