ՀՀ Ազգային ժողովում ավարտվեց երկրում արտակարգ դրության իրավական ռեժիմը ևս 30 օրով երկարաձգելու հարցի քննարկումը։ Կառավարության որոշման վերաբերյալ խորհրդարանի խմբակցություններից որևէ մեկը առաջարկ չներկայացրեց:
Շուրջ 3 ժամ տևած քննարկման ընթացքում ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց արտակարգ դրությունը երկարաձգելու պատճառը, կորոնավիրուսի առկա իրավիճակն ու ձեռնարկվող միջոցառումները, նաև պատասխանեց պատգամավորների հարցերին:
Կառավարությունը որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ը ներառյալ ժամկետով:
Հայաստանում մայիսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3860 դեպք, որոնցից 1572-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2218 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 36 016 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 49 դեպք: