Կորոնավիրուսով վարակվածների կոնտակտավորներին տեղորոշելու համակարգի միջոցով հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն ունեցող 1938 անձի հետ շփված մոտ 36 հազար մարդ։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում մայիսի 14-ին ասաց փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը:
«Տեղորոշման համակարգի միջոցով կատարվել է 1938 հիվանդի կոնտակտավոր անձանց տեղորոշում, համակարգով տրված թիվը եղել է 36 հազար: Այդ թվից ֆիլտրվել են այն անձանց շրջանակը, որոնց հետ իրապես կոնտակտ է ունեցել վարակակիրը»,- ասաց Ավինյանը:
Փոխվարչապետը նշեց, որ տեղորոշման համակարգը Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի աշխատանքի էֆեկտիվությունն ավելացնում է 20-30%-ով:
Կառավարությունը որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով: