Մարտի 13-ից ի վեր կառավարության ջանքերով Հայաստան են վերադարձվել 2 հազարից ավելի քաղաքացիներ:
Մայիսի 15-ից կրկին արդեն կանոնավոր չվերթներ են վերականգնվելու ՌԴ-ից եւ մենք այնտեղ մնացած անձանց կանոնավոր տրամաբանությամբ հնարավորություն ենք տալու վերադառնալ Հայաստան: Այս մասին, ԱԺ հատուկ նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:
Նրա խոսքով, դա լինելու է ինքնամեկուսացման ռեժիմի կտրուկ պահպանման պայմաններով:
«Այսօր «Wizz Аir» ավիաընկերության ներկայացուցիչների հետ քննարկել ենք ՀՀ-ում բազայի հիմնման ու ավիաթռիչքների վերակազմակերպման հարցը: Նախնական գնահատմամբ, դա հնարավոր է անել հունիս ամսվա ընթացքում՝ կախված իրավիճակից»,-նշեց Ավինյանը:
Ինչ վերաբերում է ցամաքային սահմանները բացելուն, փոխվարչապետն ասաց, որ դեռեւս գործընկեր երկրների հետ այդ հարցը չեն քննարկել, սակայն մոտ ապագայում այդ հարցերին անդրադառնալու են: