Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը մայիսի սկզբից սկսել է ավելի ինտենսիվ աճել ինչպես սահմանափակումների թուլացմամբ, այնպես էլ թեստավորումների կտրուկ աճով պայմանավորված: Այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ ԱԺ հատուկ նիստում, որում քննարկվում է արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը:
«Մարտի 1-ից մինչև օրս հաստատված դեպքերի պարզ դինամիկայից տեսանելի է, որ մարտ-ապրիլ ամիսներին, երբ տարբեր խստությամբ կիրառվում էին տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումները, հարաբերականորեն հարթ դինամիկա է արձանագրվել: Մայիսի սկզբից դեպքերը սկսել են ավելի ինտենսիվ աճել՝ պայմանավորված նախ սահմանափակումների թուլացմամբ, ինչպես նաև թեստավորման ծավալների կտրուկ աճով: Վարակի ինտենսիվության կամ վերարտադրման գործակիցը մայիսի 5-ի դրությամբ կազմել է 1.48, այս գործակիցը հարաբերականորեն մնացել է նույն սահմանաչափի վրա: Վարակի տարածման ինտենսիվությունը հնարավոր է լինում մարել այն դեպքում, երբ գործակիցը փոքր է լինում 1-ից»,-ասաց պարետը:
Արտակարգ դրության ռեժիմ հայտարարելուց հետո գործակցի նվազագույնը արժեքը՝ այսինքն 1-ից փոքր, գրանցվել է մարտի վերջին, երբ առաջին անգամ կիրառվեցին տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումները: Այնուհետև ապրիլի ընթացքում գործակցի արժեքն էականորեն չի փոխվել՝ չնայած այն հանգամանքին, որ սահմանափակումները պարբերաբար ավելի խստացվում էին, իսկ հետագայում՝ ավելի թուլացվում: Փոխվարչապետը նշեց՝ պատճառներից հիմնականը մարդկանց շարժով պայմանավորված տարածումն էր, որն ամսվա ընթացքում էական նվազում չէր ունեցել:
Հայաստանը նախատեսում է մայիսի 18-ից ամբողջությամբ գործարկել հանրային տրանսպորտը: Մայիսի 25-ին դիմակների կրումը պարտադիր կլինի ոչ միայն հանրային փակ, այլ նաև հանրային փակ տարածքներում: