Հայաստանում կորոնավիրուսի համաճարակն անցել է երրորդ փուլին, դեպքերի տարածման ընդլայնման հետ կապված՝ վերջին օրերի ընթացքում, ցավոք, լինում են դեպքեր, երբ հնարավոր չի լինում հայտնաբերել աղբյուրը, թե անձն ումից է վարակվել: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը՝պատասխանելով հարցին, թե արդյոք վերահսկվո՞ւմ է վիրուսի շրջանառությունը:
«Մենք էպիդեմիայի առաջին օրերին նախապատրաստական աշխատանքներ էինք իրականացնում, և Հայաստանը մարտ ամսին գտնվում էր առաջին փուլում, որը ենթադրում է եզակի դեպքեր կամ միայն բերովի դեպքեր: Այնուհետև էպիդեմիան անցավ երկրորդ փուլին, որը ենթադրում էր կլաստերային հիվանդությունների արձանագրում, այսինքն՝ որոշակի խմբերում կարող էին լինել, ընտանիքներում, արտադրամասերում: Ներկայում էպիդեմիան Հայաստանում արդեն անցել է վերջին երրորդ փուլին, տարածվածությամբ է բնորոշվում, իրականացվում է արդեն համայնքային փոխանցում, տարածում»,-ասել է Նանուշյանը:
Նա նշել է՝ առաջին օրերի ընթացքում կարողանում էին ցանկացած հիվանդության դեպքը հայտնաբերել, թե վարակի աղբյուրը որտեղից է եկել, վերջին օրերի ընթացքում, ցավոք, կապված տարածվածության ընդլայնման հետ, լինում են դեպքեր, երբ հնարավոր չի լինում հայտնաբերել աղբյուրը, թե անձը ումից է վարակվել:
Նա պարզաբանել է, թե դա ինչ է նշանակում համաճարակաբանական առումով: Հաճախ չհասկանալով կամ չհայտնաբերելով, թե վարակի աղբյուրը ով է եղել, հնարավոր չի լինում համաճարակաբանական բոլոր միջոցառումներն իրականացնել արդյունավետորեն՝ հայտնաբերելով աղբյուրը, կոնտակտավորներին և նրանց մեկուսացնելով: «Այս առումով, բնականաբար, որոշակի դժվարություններ կան, բայց կապված օրական հայտնաբերված թվերի հետ: Բայց մենք մեր բոլոր ջանքերն ուղղում ենք, որպեսզի կարողանանք կառավարել էպիդեմիան: Մենք կարողացանք այս ամիսներին հզորացնել և պատրաստել համակարգը, և, հետևաբար, կդժվարանամ գնահատական տալ, թե որ մասով ենք կառավարում և որ մասով չենք կառավարում համաճարակը»,- ասել է փոխնախարարը:
Հայաստանում մայիսի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3860 դեպք, որոնցից 1572-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2218 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 36 016 թեստավորում: Կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 49 դեպք: