կարևոր
1235 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-14 15:11

Որպես հակաճգնաժամային միջոց կառավարությունը պատրաստվում է սկսել 100 կապիտալ նախագիծ

Որպես հակաճգնաժամային միջոց կառավարությունը պատրաստվում է սկսել 100 կապիտալ նախագիծ

Առաջիկայում որպես հակաճգնաժամային միջոց կառավարությունը պատրաստվում է մեկնարկել 100 կապիտալ նախագիծ՝ կրթական, մշակութային, սպորտային առողջապահական օբյեկտների կառուցման: Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հետաքրքրվել է, թե ինչ փուլում են այդ աշխատանքները: Ի պատասխան՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը տեղեկացրել է, որ առաջիկա 2 օրերի ընթացքում կհայտարարվեն 8 մոդուլային դպրոցների կառուցման մրցույթները:

«Այս բոլոր ծրագրերը կտևեն 2-2,5 տարի: Ընդհանուր գնահատականով կլինի մոտ 60 մլրդ դրամի ներդրում: Այս աշխատանքները տասնյակ հազարավոր նոր աշխատատեղերի ստեղծման հիմք կդառնան»,-ասել է Ղուլարյանը:

Նիկոլ Փաշինյանը ավելացրել է, որ մինչև սեպտեմբեր բոլոր մրցույթները հայտարարվելու են ու հիմա այդ մասին հայտարարում են, որպեսզի շինարարական կազմակերպությունները փնտրեն, գտնեն աշխատողներին, որպեսզի ձևավորեն  ներուժ այդ մրցույթներին մասնակցելու ու հաղթելու համար: