Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել հանել երեք հոգուց ոչ ավելի հավաքվելու վերաբերյալ սահմանափակումը և վերաբացել կորոնավիրուսի հետևանքով փակված գեղեցկության սրահները: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան մանրամասներ է ներկայացրել կառավարության նիստին:
«Մենք որոշեցինք հանել երեք հոգուց ոչ ավելի հավաքվելու արգելքը, այդ թվում` բաց տարածքում»,-ասել է Գախարիան՝ ավելացնելով, որ դեռ ուժի մեջ է մնում այն սահմանափակումը, ըստ որի ավտոմեքենայում վարորդի հետ պետք է չլինի 3 հոգուց ավելի մարդ: Նաև որոշում է կայացվել մայիսի 18-ին բացել բոլոր գեղեցկության սրահները:
Վրաստանում արտակարգ դրության ռեժիմ է սահմանված մինչև մայիսի 22-ը, ինչպես նաև պարետային ժամ՝ 21:00-ից մինչև 6:00-ն: Վրաստանի իշխանությունները մայիսին սկսել են փուլային տարբերակով հանել սահմանափակումները: Վերջին տվյալներով Վրաստանում վարակվածների թիվը 652 է, որից 383-ն ապաքինվել է, 12-ը՝ մահացել: