812 դիտում, 1 տարի առաջ - 2020-05-14 16:45

Եկել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ժամանակը. Ռումինիայի խորհրդարանի հայ պատգամավորներ

Եկել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ժամանակը. Ռումինիայի խորհրդարանի հայ պատգամավորներ

Ռումինիայի խորհրդարանի հայ պատգամավորներ՝ Հայ-ռումինական բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանի և ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանի՝ Ռումինիայի խորհրդարանին ներկայացված Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման վերաբերյալ քաղաքական հայտարարությունը հրապարակվել է Պատգամավորների պալատի պաշտոնական կայքում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը։

«1915 թ. գարնանից սկսած, ընդամենը մի քանի ամսում, բազմահազարամյա քաղաքակրթությունը, որը տեղակայված էր իր պատմական բնօրրանում, ոչնչացվեց: Մինչև Առաջին աշխարհամարտի ավարտը պատմական Հայաստանում ապրող երեք միլիոն հայերից սպանվեց մեկուկես միլիոն մարդ, իսկ մնացածներն ապաստան գտան աքսորում կամ փոխեցին իրենց ինքնությունը:

Հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության ճանաչումը ոչ միայն բարոյական, այլև միջազգային հասարակական կարծիքի հստակեցման հարց է: Եթե այդ ճանաչումը կատարվեր Առաջին աշխարհամարտի ավարտին, ապա դրան հաջորդած ողբերգությունները՝ սկսած Օսմանյան կայսրությունում հունական համայնքների դեմ իրականացված կոտորածներից և հրեա ժողովրդի Հոլոքոստից մինչև հանցագործությունները նախկին Հարավսլավիայում և առավել վերջերս՝ ցեղասպանություններն Աֆրիկայում, գուցե, և տեղի չունենային»,-նշել են նրանք:

Պատգամավորները հիշեցրել են, որ վերջին տասնամյակների ընթացքում մի շարք երկրների խորհրդարաններ ընդունել են բանաձևեր, որոնցում Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները որակել են որպես ցեղասպանություն: «Եվրամիության այն պետությունների շարքում, որոնց օրենսդիր մարմիններն ընդունել են նման բանաձևեր, մենք հիշատակում ենք Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ավստրիան, Նիդեռլանդները, Շվեդիան, Հունաստանը, Սլովակիան, Չեխիան, Լեհաստանը, Բուլղարիան, Բելգիան, Կիպրոսը, Լիտվան և Լյուքսեմբուրգը: Նրանց են միացել աշխարհի շատ այլ երկրներ՝ Կանադան, Արգենտինան, Ուրուգվայը, Բոլիվիան, Վենեսուելան, Պարագվայը, Չիլին, Բրազիլիան, Շվեյցարիան, Ռուսաստանը և Սուրբ Աթոռը: Հատկանշական է Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի քայլը 2019 թ. վերջին, երբ Ներկայացուցիչների պալատը ճնշող մեծամասնությամբ, և Սենատը միաձայն ընդունեցին Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևեր: Դրանց գումարվել են բանաձևերն ընդունված այնպիսի միջազգային հարթակներում, ինչպիսիք են Եվրախորհրդարանը, Եվրոպայի խորհուրդը, Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը և այլն:

Ռումինիայում, հասարակության կարծիքի մասով, առկա է կարևոր աջակցություն հայերի դեմ ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերին:

Մենք՝ սույն հայտարարությունը ստորագրողներս, կարծում ենք, որ եկել է ժամանակը, որ Ռումինիայի Խորհրդարանն իր հերթին բանաձև ընդունի այս ցեղասպանության ճանաչման վերաբերյալ և հույս ենք հայտնում, որ մեծ թվով սենատորներ և պատգամավորներ կմիանան մեր մոտեցմանը»,- հայտարարության մեջ ընդգծել են Վարուժան Ոսկանյանը և Վարուժան Փամբուկչյանը:

Օսմանյան կայսրության կողմից 1915 թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն: