կարևոր
1866 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-14 13:12

Պարետն այսուհետև հնարավորություն է ունենալու հստակ սահմանել որոշակի վարքագծի կանոններ․ Ռուստամ Բադասյան

Պարետն այսուհետև հնարավորություն է ունենալու հստակ սահմանել որոշակի վարքագծի կանոններ․ Ռուստամ Բադասյան

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է, թե ինչու է Հայաստանում մեկ ամսով երկարաձգվում արտակարգ դրության ռեժիմը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ  նշել է Բադասյանը:

Այն գործիքակազմը, որն անհրաժեշտ է վարակի դեմ արդյունավետ պայքար մղելու համար, այս պահի դրությամբ հնարավոր է միայն արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում։

«Գիտեք, որ սահմանվում են արտակարգ դրության իրավական ռեժիմով մի շարք գործողություններ՝ ինքնամեկուսացում, մեկուսացում, նաև վերջերս արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում փոփոխություններ տեղի ունեցան, ըստ որոնց այլևս հնարավոր են անձնական ազատության սահմանափակումներ, հստակեցվել են պարետի գործողությունները, որպեսզի ավելի արդյունավետ որոշումներ հնարավոր լինի կայացնել պարետի կողմից»,-ասել է Բադասյանը։

Նա նշել է, որ մտցվել է ևս մեկ նորամուծություն. քաղաքացիների ազատ տեղաշարժը թույլատրվելու է որոշակի վարքագծի կանոնների պահպանման պայմանով։

«Օրինակ՝ եթե ինչ-որ փուլում հանրային տրանսպորտը սկսի աշխատել, ապա հանրային տրանսպորտից կկարողանան օգտվել միայն դիմակների առկայությամբ կամ հանրային սննդի կետերը պարտադիր որոշակի պայմաններ պետք է ապահովեն սննդի ծառայություններ մատուցելիս և այլն։ Պարետը այսուհետ հնարավորություն է ունենալու հստակ սահմանել որոշակի վարքագծի կանոններ, որոնք պետք է պարտադիր ապահովվեն թույլ տրված ազատ տեղաշարժի շրջանակներում»,-եզրափակել է Բադասյանը։

Կառավարությունը մեկ ամսով երկարաձգեց արտակարգ դրության ռեժիմը: